Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գաբրիել Ղազարյան. «Քի՞չ են դեպքերը, երբ ամենատիտղոսավոր որևէ մարզիկ չի հրավիրվում հավաքական»

Մարտ 25,2016 17:50

Ազգային հավաքականի չհրավիրված ֆուտբոլիստների և ՀՖՖ-ՖԱՖ հակամարտության թեման չի հանդարտվում: Կողմերից յուրաքանչյուրը հարցի շուրջ տալիս է իր մեկնաբանությունը եւ հանրության ընկալումներն էլ տարբեր են: Aravot.am-ը զրուցեց նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ:

Պարոն Ղազարյան: Հայկական ֆուտբոլում նոր թափ հավաքող այս իրավիճակի մասին որոշ ԶԼՄներ կառավարության նիստից հետո ցանկացել էին իմանալ Ձեր տեսակետը, որոնց պատասխանել էիք, թե հատկապես ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի վերջին հայտարարություններին ծանոթ չեք: Ձեզ թեման չի՞ հետաքրքրում:

– Չհետաքրքրել չի կարող: Ես նաեւ ի պաշտոնե եմ պարտավոր տեղյակ լինել ընդհանրապես հայկական սպորտում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին:

Բայց, փաստորեն, այս մեկից տեղյակ չէիք:

– Ուղղակի, երբ լրագրողն ինձ դիմում է, որպեսզի մեկնաբանեմ կոնկրետ մարդու կոնկրետ հայտարարություն, ես պատասխանել եմ, որ պարոն Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունները չեմ լսել ու այդ պահին ոչինչ ասել չեմ կարող:

Իրավիճակն այնպիսին է, որ դժվար թե նախարարը լսած չլիներ:

-Եթե ձեզ, մարզասեր հասարակությանն այս պահին հետաքրքրում է միայն այդ հարցը, իմ, որպես նախարարի, սեղանին հայկական սպորտի հետ կապված օրական տասնյակ հարցեր են դրված, որոնք կոնկրետ ու գործնական լուծումներ են պահանջում: Դա ընդհանրապես Հայաստանում ֆիզիկական կուլտուրան է եւ սպորտը, առողջ ապրելակերպը, մարզադպրոցները մյուս մարզաձեւերի հավաքականները, մարզակառույցները, այն ծրագրերը, որոնք պետք է իրականացնել: Առջեւում նաեւ օլիմպիական խաղերն են ու դրան նախապատրաստվելը: Սրանք, կարծում եմ, պակաս կարեւոր խնդիրներ չեն:

Հիմա տեղյա՞կ եք խնդրին:

– Հասցրել եմ ծանոթանալ:

Եվ ի՞նչ կասեք:

– Ցանկացած մարզաձեւում հավաքականի կազմն ընտրում է մարզչական խորհուրդը եւ այն հաստատվում է ֆեդերացիայում: Իմ սուբյեկտիվ կարծիքով պարոն Ռուբեն Հայրապետյանը հավաքական հրավիրված ֆուտբոլիստների հետ կապված արտահայտել է մարզչական խորհրդի եւ ֆեդերացիայի կարծիքը՝ ասելով չոր տոնով ու պատասխանատվությունն իր վրա վերցնելով:

Բայց առանցքային միանգամից մի քանի ֆուտբոլիստների չհրավիրելը ճի՞շտ որոշում է:

– Ֆուտբոլը մասսայականությամբ թիվ մեկ մարզաձեւն է: Հավանաբար, դրա համար է «աղմուկը» այդքան բարձր: Իսկ մարզասերը այլ մարզաձեւերից օրինակներ չունի: Նայեք մեր հենակետային մարզաձեւերը՝ ըմբշամարտը, ծանրամարտը, բռնցքամարտը, մյուսները, որոնցում Հայաստանը լուրջ նվաճումներ ունի աշխարհի  ու Եվրոպայի առաջնություններում: Քի՞չ են դեպքերը, երբ ամենատիտղոսավոր որևէ մարզիկ այս կամ այն ստուգատեսների ժամանակ չի հրավիրվում հավաքական: Ինչո՞ւ: Պատճառները շատ կարող են լինել ու դրանք ամենից լավ գիտեն մարզիչները եւ ֆեդերացիաների ղեկավարները: Անուններ չտամ: Մարդը եղել է Եվրոպայի չեմպիոն, բայց դրանից հետո հնարավոր է կոնկրետ հավաքին չընդգրկվի: Ուրեմն, նա կամ չեմպիոն դառնալուց հետո մի որոշ ժամանակահատված լավ արդյունքներ չի գրանցում կամ լավ մարզավիճակն է կորցրել եւ այլն: Հավաքական հրավիրում են ոչ թե անվան կամ մարզասերների շրջանում ունեցած հեղինակության համար, այլ լավ մարզավիճակում լինելու դեպքում:

Իսկ դավաճանության մասի՞ն  ինչ կասեք:

– Հարցեր եք տալիս, որոնց հասցեատերը ես չեմ: Դավաճանություն՝ գուցե եւ խիստ է ասված: Բայց երբ մարզիկին վստահում են կրել ազգային հավաքականի համազգեստը, քո երկիրը ներկայացնել աշխարհին, նա պարտավոր է մինչեւ վերջ ներդրվել: Ինչպես ասում են՝ մեռնել, բայց հաղթել: Իսկ եթե չի ստացվում, պարտվել արժանապատիվ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031