Գասպարիի գործը շարունակվում է: Դատավոր Նելլի Բաղդասարյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց միջնորդության վերաբերյալ որոշումը:
Հիշեցնենք՝ Տիգրան Եգորյանը միջնորդություն էր ներկայացրել դատական գործը կասեցնելու վերաբերյալ, համապատասխան դիմումով Սահմանադրական դատարան դիմելու կապակցությամբ, մասնավորապես՝ Գասպարիին առաջադրված մեղադրանքի սահմանադրականության հարցի վիճարկման հիմքով:
Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը: Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ իրենք իրավունք ունեն բողոքարկել տասնօրյա ժամկետում, եւ այդ իրավունքի իրացման նպատակով անհրաժեշտ է հետաձգել դատական նիստը: Նա միջնորդեց դատական նիստը հետաձգել. «Եթե սույն դատական նիստը չհետաձգվի, եւ մեզ չտրամադրվի տասնօրյա ժամկետ, դրանով իսկ լրացուցիչ խախտում տեղի կունենա: Այս իրավունքի պաշտպանությունը եւս գտնվում է դատարանի պաշտպանության տիրույթում, դատարանը մեզ պետք է տրամադրի ժամանակ»:
Դատարանը մերժեց միջնորդությունը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատական նիստը չի խոչընդոտում բողոքարկելու իրավունքին:
Կարդացեք նաև
Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ պաշտպանական ճառը հրապարակելուց հետո, դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու, եւ միջանկյալ դատական ակտը բողոքարկելը անիմաստ կլինի: Նա առարկեց եւ խնդրեց վերանայել որոշումը:
«Ես հարկադրված եմ Ձեզ ընդհատել: Դատարանը համապատասխան որոշումը կայացրեց»,- ասաց դատավորը եւ պնդեց ներկայացնել պաշտպանական ճառը:
Տիգրան Եգորյանը նկատեց, որ իրենց իրավունքները եւս մեկ անգամ են խախտվում, եւ ներկայացրեց պաշտպանական ճառը: Նա ասաց, որ Վարդգես Գասպարին արտահայտում է իր կարծիքը Հայաստանի դատական համակարգի մասին, հատկապես՝ այն դատավորների, որոնք էժան եղանակներով փորձում են ուժային միջոցներով լռեցնել կարծիքի ազատության իրենց իրավունք իրացնող քաղաքացիներին:
«Ուշադրություն կհրավիրեի այն հանգամանքի վրա, որ այս բոլոր տեսակետները եւ կարծիքները, դրանց առավել խիստ, առավել քննադատող, առավել սթափեցնող, վրդովեցնող, մի գուցե Ձեր կարծիքով՝ անընդունելի եզրերով, արտահայտվել են կոնկրետ Ձեր նկատմամբ, Ձեր վերաբերյալ եւ Ձեր հասցեին, Ձեր երեսին»,- ասաց Եգորյանը:
Նելլի Բաղդասարյանը ընդհատեց նրան եւ խնդրեց գործի հանգամանքների շուրջ խոսել: Սակայն, Եգորյանը ցանկացավ հայտարարությամբ հանդես գալ, ինչը դատավորը չթույլատրեց:
«Դուք դարձյալ շարունակում եք անհեթեթ մտքեր արտահայտել, դա հասկանալի է՝ ինչ նպատակ է հետապնդում, հակառակ դեպքում՝ ես կընդհատեմ Ձեզ»,- ասաց դատավորը:
«Այստեղ միակ անհեթեթ մտքերի անգերազանցված հեղինակը, հարգելի՛ դատարան, կարծում եմ Դուք եք»,- պատասխանեց Եգորյանը:
Նելլի Բաղդասարյանը հայտարարեց, որ եթե նման կերպ շարունակի Գասպարիի պաշտպանը, ապա դատարանը կարձանագրի, որ պաշտպանական կողմը հրաժարվում է, ըստ էության, պաշտպանական ճառ ներկայացնել, ինչն էլ կատարվեց: Դատարանը հայտարարեց դատական վիճաբանությունների փուլն ավարտված:
Նելլի Բաղդասարյանը դիմեց Վարդգես Գասպարիին՝ հետաքրքրվելով՝ արդյոք ցանկանում է օգտվել իր վերջին խոսքի իրավունքից: Սակայն, Գասպարին չէր պատասխանում, իսկ Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ կողմը ինքնաբացարկի լրացուցիչ միջնորդություն կներկայացնի դատարանին: Նելլի Բաղդասարյանը հայտարարեց, որ դատարանը արձանագրում է՝ ամբաստանյալը հրաժարվել է վերջին խոսքի իրավունքից, Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ Գասպարին վերջին խոսք ունի:
Դատարանը հնարավորություն տվեց Գասպարիին իր վերջին խոսքով հանդես գալ, երբ Գասպարին խորհրդակցում էր Տիգրան Եգորյանի հետ, Նելլի Բաղդասարյանը ասաց՝ առանց հուշումների:
«Այսինքն՝ առանց հուշումների՞: Սա դասարան չէ, Դուք էլ դասատու չեք, մենք էլ Ձեր աշակերտները չենք: Մի հատ խնդրում եմ ադեկվատ եղեք»,- ասաց Եգորյանը:
Նելլի Բաղդասարյանը հայտարարեց. «Դատարանը արձանագրեց, որ ամբաստանյալի պաշտպանները, մասնավորապես՝ Եգորյանը, դատական նիստը ձախողելու փորձեր է կատարում: Դրանով իսկ բարձրացնելով իր՝ որպես փաստաբանի վարկանիշը: Փոխարենը՝ կատարելու իր մասնագիտական պարտականությունները»:
Դատարանը կրկին դիմեց Գասպարիին՝ ցանկանում է արդյոք հանդես գալ վերջին խոսքով, Եգորյանը պատասխանեց, որ ցանկանում է, բայց ինքը դեռ ճառ պետք է հրապարակի: Գասպարին հայտարարեց, որ իր դիրքորոշումն արտահայտում է իր պաշտպանը: Նելլի Բաղդասարյանը արձանագրեց, որ Գասպարին չի ցանկանում օգտվել իր վերջին խոսքի հնարավորությունից եւ հայտարարեց, որ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ համապատասխան դատական ակտ կայացնելու, որը կհրապարակվի մարտի 29-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ