Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հյուրերն այսօր ջավախեցի մտավորականներն էին: Առիթը «Հայաստան. Հայրենի եզերք. Ջավախք» խորագրով ցուցահանդեսն էր, որը ներառում է Ջավախքին եւ ջավախեցիներին նվիրված ավելի քան 600 գիտական եւ գեղարվեստական գրքեր:
Ուսումնասիրելով դրանք` ընթերցողը հետաքրքիր բացահայտումների պակաս չի ունենա: Օրինակ, «Վիքիպեդիա»-ում կարդում ենք, որ միջնադարի աստվածաբանական մտքի մեծանուն ներկայացուցիչը` Գրիգոր Տաթևացին, ծնվել է 1346 թվականին` Սյունիք աշխարհի Վայոց ձորում:
«Գիտականորեն ապացուցված է, որ Տաթեւացին իրականում Ջավախքի Թմոգվի գյուղից է: Նրա հայրը եւս այդ գյուղից է, իսկ մայրը` Արագածոտնի մարզից: Եթե պատմության մեջ նա հայտնի է «Գրիգոր Տաթեւացի» անունով, դա կապվում է միայն նրա գործունեության վայրի հետ: Իսկ ծնունդով նա ջավախեցի է: Ջավախքից է սկսվել ու զարգացել նրա կյանքը, իսկ հիմնական գործունեությունը ծավալվել է Տաթեւում»,- լրագրողներին պատմեց Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը:
Ցուցահանդեսում ներկայացված են ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի լույս ընծայած «Համաբարբառները». գրքերից յուրաքանչյուրում կարելի է գտնել տեղեկատվություն` Տաթեւացու գրական ժառանգության ամեն բառի բացատրության եւ կիրառության մասին:
Կարդացեք նաև
Տիգրան Պետրոսյանցը տեղեկացրեց, որ ցուցահանդեսի գրքերը պահվում են համալսարանի պահոցում, սակայն ջավախեցի մտավորականներն իրենց նոր գրքերով կարող են հարստացնել ցուցադրությունը. «Հազարից ավելի ուսանող է այցելում գիտական գրադարան եւ կարող են ընթերցել գրքերը: Ներկայացված ամենահին ստեղծագործությունները 1892 թվականին են տպագրվել: Վահան Տերյանի ժառանգությունից, օրինակ, ցուցադրվում է նաեւ 1912թ. Մոսկվայում առաջինը լույս տեսած գիրքը»:
Ցուցադրվում են նաեւ ժամանակակից ջավախեցի գրողների, այդ թվում` փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն-Հարություն Աբրահամյանի գրքերը: 2013թ.-ին լույս է տեսել նրա «Տետր Ալֆա» գիրքը:
Ի դեպ, ցուցահանդեսի այցելուները կտեսնեն նաեւ Մանկավարժական համալսարանի դասախոս Համլետ Միքայելյանի` ջավախքյան բնաշխարհի գույները ներկայացնող գեղանկարները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ