Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե խավարի մեջ լույս է վառվում, խավարը դադարում է գոյություն ունենալուց»

Մարտ 25,2016 17:06

ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ Սուրբ Հարության տոնի խորհուրդը քրիստոնյաներիս համար ավետարանական ճշմարտության հիման վրա բացահայտում է աստվածային այն լույսը, որը մարդուն առաջին հերթին տալիս է ստեղծագործ կյանքով ապրելու և արարելու հնարավորություն. «Այդ հնարավորությունը յուրաքանչյուրիս տրվեց ավետարանական այն ճշմարտության հիմքի վրա, ըստ որի՝ մարդու կյանքը միայն ուտելով ու խմելով չէ, միայն երկրավոր կամ ֆիզիկական կեցությամբ չէ»,- «Հայացք» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց տեր Եսային:

Քահանան ավելորդ չի համարում զատկական տոնին մարդկանց շրջանում առաջացած տոնական եռուզեռը, սեղանների պատրաստումը. «Եթե մարդը ցանկանում է որոշ աքսեսուարներով, զատկական ավանդույթներով, ուտեստներով տոնական զգացողություններն ու ընկալումներն ավելի ընդգծել, ապա դա նրա իրավունքն է, դրա մեջ բացասական ոչինչ չկա: Սուրբ Հարությունն այն տոնն է, որը մարդկանց կյանքում և ընտանիքներում ստեղծում է տոնական տրամադրություն: Մարդիկ փորձում են այդ ուրախությունը վերապրել: Դրա հնարավորությունը մեզ տալիս է Քրիստոսի թափուր գերեզմանը, որը մինչև այսօր կա և վկայում է այն մասին, որ Քրիստոս իրապես հարություն է առել»,- նշեց տեր Եսայի քահանա Արթենյանը:

Նրա բնորոշմամբ՝ Հարության տոնի մեջ մենք տեսնում ենք մեր հարությունը, իբրև Աստծու նմանությամբ ստեղծված մարդ՝ մեր կյանքը կառուցելու, ապրելու, արարելու հնարավորությունը: Հետևաբար՝ Հարությունը մահվան ու չարի նկատմամբ հաղթանակն է:

«Սովորաբար, որևէ մեկին հերոսացնելու համար նրա պատվին հուշարձան են կառուցում: Խաչը միակ հուշարձանը եղավ, որը կանգնեցվեց ոչ թե տվյալ մարդու նկատմամբ ունեցած սիրով, այլ ատելությամբ: Բայց ատելությամբ կանգնեցված այդ հուշարձան-խաչը մինչև այսօր ամբողջ աշխարհին պատմում է աստվածային սիրո մասին: Խաչին նայելիս մենք տեսնում ենք ոչ թե Քրիստոսի չարչարանքներն ու մահը, այլ հարությունն ու մահվան նկատմամբ հաղթանակը: Երբ Քրիստոս ավանդեց իր հոգին, չարը նրա հոգին մեծ ուրախությամբ ընդունեց դժոխքում: Եվ վերջինս քանդվեց Քրիստոսի ներկայությունից, որովհետև եթե խավարի մեջ լույս է վառվում, խավարը դադարում է գոյություն ունենալուց: Հետևաբար՝ պատահական չէ, որ Հարության տոնի մեջ ամենակարևորը լույսն է: Մարդիկ զատկական ճրագալույցին ճրագներ են տանում տուն, ապավինում են լույսի ջերմությանը, խորհրդին ու աստվածային սիրուն: Հարությունն այն լույսն է, որով պետք է փորձենք ապրել»,-ավարտեց տեր Եսային:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031