Մարտի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի ուսանողներին և դասախոսներին։
Ողջունելով հյուրերին, արտաքին գործերի նախարարը նշել է, որ հունգարական համալսարանի ուսանողների այցերը, որոնք արդեն դարձել են ավանդական, ոչ միայն թույլ կտան նրանց ավելի ճշգրիտ և ամբողջական կարծիք կազմել Արցախի մասին, այլև կապեր հաստատել Արցախի համալսարանական շրջանակների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձել ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին, ընդգծելով, որ այդ ուղղությամբ ձեռքբերված հաջողությունները նպաստում են ԼՂՀ միջազգային ինտեգրմանը և տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը։
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը պատասխանել է նաև մասնակիցների հարցերին։ Խոսելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին, Կարեն Միրզոյանը նշել է, որ իրական առաջընթացի բացակայության պատճառն ադրբեջանական իշխանությունների ապակառուցողական քաղաքականությունն է՝ ուղղված բոլոր միջոցներով բանակցային գործընթացի խաթարմանը։
Կարդացեք նաև
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ