Գորիսում մարտի 8-ին ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի ու նրա տեղակալի եղբոր միջեւ տեղի ունեցած միջադեպով առերեսում դեռ չի եղել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց մեղադրյալ Արթուր Գեւորգյանի պաշտպան՝ փաստաբան Համլետ Դավթյանը:
Մեր հարցին, լկտի պահվա՞ծք է իր պաշտպանյալը ցույց տվել ոստիկանապետի նկատմամբ, որ արժանացել է ծեծին, փաստաբանն ասաց. «Սկզբում նման տպավորություն էր, բայց երբ տեսանյութը արդեն համացանցում տեղադրվեց, դրանից հետո կարծիքը փոխվեց: Իսկ եղել է այն, ինչ տեսանյութում կա, ոստիկանապետն իմ պաշտպանյալի ընկերոջը ապօրինի ձեւով՝ օձիքից բռնած, տանում է մի կողմ, ինքը միջամտում է, հարցնում է՝ ինքն ով է ու ինչու է նման ձեւով վերաբերվում: Ոստիկանապետը փոխարենը ներկայանա, իր գործողությունները արդարացնելու, ընկերոջը թողնում է, անցնում, Արթուրին, նույն ձեւով Արթուրի հետ վարվում»:
Մեր հարցին՝ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի օրը, որ տեսանյութում չի երեւում, պարոն Դավթյանն ասաց. «Մեղադրանքի հետ կապված ինչ-որ կա, երեւում է տեսանյութում, մի դրվագ կա, որ մեղադրանքից դուրս է, բայց տեսանյութում չկա, դա այն է՝ ինչպես են ոստիկանությունում վերաբերվել Արթուրի հանդեպ, իմ պաշտպանյալի նկատմամբ հայհոյանք ու բռնություն է եղել նաեւ ոստիկանական բաժնում»:
Մեր հարցին՝ ինչու տեսանյութի հրապարակումից հետո մեղադրանքի փոփոխություն չեղավ, ձեր պաշտպանյալ տուժողը այդպես էլ մնաց մեղադրյալ, փաստաբանն ասաց. «Որովհետեւ տեսանյութից հետո քննիչը ֆիզիկապես էլ չէր կարող, գործողություններ էր կատարել, ինքը ներկայացրել էր դատախազին, դատախազը որոշել էր գործն ուղարկել հատուկ քննչական ծառայություն: Այսօր նոր-նոր գործը քննչական ծառայությունում քննիչ Մեժլումյանի վարույթում է գտնվում, եւ երեւի հանգստյան օրերից հետո գործողություններ կունենանք, առերեսումներ կլինեն, միջնորդություններ կանենք վկաներ հարցաքննելու առումով»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ եթե վկաները, որոնք բարձրաստիճան պաշտոնյաներ են ու ոստիկանապետի հետ այն աստիճան լավ հարաբերությունների մեջ են, որ միասին շոգեբաղնիք էին գնացել, կկարողանա՞ն օբյեկտիվ լինել ցուցմունքներ տալիս, ասաց. «Դժվար թե, չեմ ակնկալում նրանցից ճշմարտացի տեղեկություններ ստանալ»:
Անդրադառնալով փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի՝ Գորիս մեկնելուն ու, ըստ լուրերի, Գեւորգ Ազիզյանի մասին գովեստի խոսքեր ասելուն՝ փաստաբանն ասաց. «Եթե գովել են, ուրեմն գոհ են, չգիտեմ՝ ինչ ասեմ, գուցե քննությունից հետո փոխեն իրենց կարծիքը»:
Իսկ տուժող, բայց գործով մեղադրյալ ներգրավված Արթուր Գեւորգյանը, ըստ փաստաբանի, դեպքից հետո մի քիչ ընկճված է, իսկ այսօր գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո տրամադրությունը բարձրացել է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ