Մարտի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2016թ. ծրագրի պատասխանատուների մամուլի ասուլիսը:
Բանախոսներն էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և նախարարության աշխատակազմի ղեկավար, «Արի տուն» ծրագրի համակարգող Ֆիրդուս Զաքարյանը:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց լրագրողներին ծրագրի հանդեպ ունեցած հետաքրքրության համար և շեշտեց, որ «Արի տուն»-ը ոչ թե հայրենադարձության, այլ հայրենաճանաչության ծրագիր է, որի նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-Հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքի նիստուկացին:
Ս.Սրապիոնյանը լրագրողներին կոչ արեց մասնակցել ծրագրի բոլոր փուլերին, համակողմանիորեն լուսաբանել Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության՝ իր տեսակի մեջ եզակի այս ծրագիրը: Նշեց, որ թե՛ սփյուռքյան, թե՛ հայաստանյան ԶԼՄ-ները մեծապես նպաստել են ծրագրի կայացմանը:
Կարդացեք նաև
«Արի տուն-2016» ծրագիրը ներկայացրեց նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նա նշեց, որ «Արի տուն» ծրագրին մասնակցել ցանկացողների թիվը տարեցտարի աճում է, ընդլայնվել է նաև երկրների աշխարհագրությունը:
2016թ. սպասվում է 13-18 տարեկան շուրջ 1100 սփյուռքահայ երիտասարդի մասնակցություն: Ծրագրի մանրամասների մասին կարելի է տեղեկանալ «aritun.am» կայքից:
Աշխատակազմի ղեկավարն ընդգծեց, որ «Արի տուն – 2016» ծրագրի մեկնարկն արդեն տրված է, տեղեկատվական փաթեթն ուղարկված է սփյուռքյան կառույցներին, և ստացվել են մասնակցել ցանկացողների՝ այս ժամանակահատվածի համար անհամեմատ շատ հայտադիմումներ:
2016թ. ծրագիրը կընթանա 8 փուլով՝ հունիսի 12-ից օգոստոսի 27-ը: 8-րդ փուլին (օգոստոսի 14-27-ը) նախատեսվում է նաև «Արի տուն» ծրագրի առաջին 6 տարիների 18 տարեկանը լրացած մասնակիցների հավաք:
2016թ. ևս «Արի տուն»-ը կիրականացվի հայաստանյան ընտանիքներում հյուրընկալության, Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր շրջագայությունների՝ 9-օրյա և ճամբարային հանգստի՝ 5-օրյա ծրագրով: Սփյուռքահայ պատանիներն ու աղջիկները կծանոթանան Հայաստանի պատմամշակութային հուշարձաններին, թանգարաններին, տեսարժան վայրերին (նախատեսված են շրջայցեր 5 ուղղություններով՝ Օշական-Աշտարակ-Մուղնի, Սարդարապատ-Էջմիածին-Զվարթնոց, Գառնի-Գեղարդ, Խոր Վիրապ-Նորավանք և Սևան): Շաբաթ և կիրակի օրերն արիտունցիները կանցկացնեն հյուրընկալ ընտանիքներում, իսկ վերջին 5 օրը՝ «Արի տուն» ճամբարում: Կկազմակերպվեն հայոց լեզվի դասընթացներ, այցելություններ թանգարաններ, շրջայցեր դեպի Հայաստանի տեսարժան վայրեր:
Ծրագրի ճամբարային փուլում կանցկացվեն նաև հայոց լեզվի, հայրենագիտության, ազգային երգի ու պարի դասընթացներ, կլինեն հանդիպումներ Հայաստանի պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ:
Շրջայցերին և ճամբարային օրերին խմբերի հետ կաշխատեն «Հայրենիք-Սփյուռք» կենտրոն» ՊՈԱԿԻ և ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները:
Մասնակիցների առջև իրենց դռները կբացեն ոչ միայն մայրաքաղաքի, այլև երևանամերձ շուրջ 40 համայնքների հյուրընկալ ընտանիքները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ