«Թատրոնը դժվար է ապրում, չլուծված խնդիրներ կան: Թատրոնը կենսունակ է եւ չնայած բոլոր բարդություններին, շարունակում է արարել: Ապացույցը` նոր ներկայացումները, որոնք բեմադրվում են ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում»,-այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում, խոսելով թատրոնի խնդիրների մասին, ասաց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը:
Նա փաստեց, որ այսօր թատրոն են գալիս երիտասարդներ, որոնք իրենց կյանքի ուղին տեսնում են թատրոնում. «Այլ հարց է, որ նրանց մի մասը թատրոն է գալիս երազանքներով: Երիտասարդները տարված իրենց վաղվա մասնագիտությամբ, բայց համալսարանն ավարտելուց հետո թատրոն գալով` սկսվում է տառապանքով լի ճանապարհը` ոչ թե ստեղծագործական առումով, այլ ապրելու: Նրանցից շատերը հեռանում են թատրոնից` փող աշխատելու, մանավանդ, որ ընտանիք ունեն: Սա թատրոնի առջեւ ծառացած մեծ խնդիր է: Այդ նույն երիտասարդին մենք տեսնում ենք այս կամ այն չհաջողված սերիալում: Հասկանում եմ` դերասանը չի կարող միանգամից այնքան գումար վաստակել, որ զբաղվի իր գործով: Թատրոնի դերասանը 50-60 հազար դրամ է ստանում, իսկ ժողովրդական արտիստը` 130.000 դրամ: Նկատի ունեցեք, որ մոտ 30 հազարի պահումներ են արվում»:
Շահվերդյանի համոզմամբ` սերիալում երկար ժամանակ նկարահանվելով` անգամ տաղանդավոր մարդը կորցնում է իր վարպետությունը:
Խոսելով Վանաձորի թատրոնի խնդիրներից, գեղարվեստական ղեկավարն ասաց, որ դահլիճի աթոռները սարսափելի վիճակում են, վաղուց թարմացնելու կարիք կա: Նաեւ լուսային եւ ձայնային տեխնիկա է հարկավոր. «Այդ խնդիրներով հանդերձ, աբելյանցիները մեծ նվիրումով են աշխատում: Որոշ երիտասարդներ կամավոր խաղում են ներկայացումներում, որովհետեւ ունեն դրա կարիքը: Ինչ վերաբերում է հանդիսատեսին, բողոքելու բան չունեմ»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք` մարտի 27-ին նշվելու է Թատրոնի միջազգային օրը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Որովհետև ավիրվում է այդ թատրոնն օր օրի… Անհատականություն չսիրող մարդիկ եթե հանվեն լճացված ղեկավարելու պաշտոնից, շատերի ճանապարհը կբացվի, աշխատավարձ էլ նորմալ կստանան: Չէ որ թատրոնների ներքին կառավարման ձևեր կան…