«Թատրոնի ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ ձեւավորվում է երիտասարդ ռեժիսորների աշխատանքը»,-կարծում է Հայաստանի Թատերական գործիչների միության քարտուղար, թատերագետ Սոնա Մելոյանը:
Նրա խոսքով` երիտասարդ ռեժիսորները հետաքրքիր ձեռագիր ունեն եւ գիտեն համաշխարհային թատրոնի «թրենդները», այդ պատճառով էլ նրանց բեմադրությունները համահունչ են ժամանակին. «Մասնավորապես, «Արտավազդ» մրցանակաբաշխությունը ցույց տվեց, որ 44 ներկայացումից միայն 7-ն են բեմադրել ճանաչված վարպետները: Մյուսները ստեղծել էին ուսանողներ եւ անկախ թատերախմբեր, ինչն ուրախացնում է»,-այսօր «Անդրադարձ մամուլի ակումբում ասաց տիկին Մելոյանը:
Նա նկատեց, որ թատերարվեստի երիտասարդ ներկայացուցիչները հիմնականում գերադասում են նկարահանվել սերիալներում. «Սերիալում ոչ մեկի տաղանդը չի կարող երեւալ: Տեքստը կարդում են եւ վերջ: Այդ ամենը ոչ պրոֆեսիոնալ կերպով է արվում»:
Թատերագետի դիտարկմամբ` նորավարտ դերասանները չեն համապատասխանում թատրոնի միջազգային չափանիշներին. «Անհրաժեշտ են դերասաններ, որոնք կարող են երգել, պարել, խոսել: Օրինակ, ռուս դերասաններն ամեն ինչ կարողանում են անել, այդ թվում աճպարարություն: Մենք չունենք այդ ամենը»:
Կարդացեք նաև
Բանախոսը նաեւ նկատեց, որ ներկայիս ներկայացումները չեն արտացոլում քաղաքական անցուդարձը. «Նոյեմբերին Մինսկում կայացավ ԱՊՀ երկրների երիտասարդ թատերական գործիչների ֆորումը: Գրեթե բոլոր ներկայացումները քաղաքականացված էին: Օրինակ, Եվրիպիդեսի «Տրոյայի կանայք» ստեղծագործությունն այնպես էին բեմադրել, որ Աբխազիայի կանանց ճակատագիրն էր ներկայացվում: Իսկ ուկրաինացիները թեեւ լավագույնն էին, իրենց դրոշով ցույց կազմակերպեցին եւ զրկվեցին առաջին տեղից, բայց պնդեցին, որ իրենք էլ են մարդ: Իսկ մեր թատրոնն այդ առումով պասիվ է»:
Հիշեցնենք, որ մարտի 27-ին նշվելու է Թատրոնի միջազգային օրը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Սոնան մասնագիտւթյամբ թատերագետ չէ: