Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Մանուկյան. «Եթե որպես նշանակետ ընտրված է Բրյուսելը, պայթյունը մի օր պետք է լիներ»

Մարտ 25,2016 15:21

Արեւելագետ Սուրեն Մանուկյանը մարտի 25-ին «Ելակետ» մամուլի ակումբում, անդրադառնալով Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչություններին, ասաց, որ հիմնականում պատճառ են շեշտադրում՝ փախստականների ճգնաժամը եւ անվտանգության համակարգի սխալ աշխատանքը:

«Իհարկե՛, երկուսն էլ ընդունելի են, իհարկե՛, երկու պատճառներն էլ կան, չեն կարող չլինել: Բայց ես կարծում եմ, որ սրանք միայն այսբերգի երեւացող կողմերն են: Պատճառները եւ խնդիրներն ավելի խորքային են, քան այն, ինչ մենք փորձում ենք չափել այս իրադարձությունների համատեքստում: Սա առաջին դեպքը չի, եթե սա լիներ առաջին դեպքը, եթե նաեւ Փարիզի դեպքը կապենք այս Բրյուսելի դեպքի հետ, եթե սրանք լինեին եզակի, արտառոց դեպքեր Եվրոպայի պատմության համար, կարող էինք ասել՝ ճիշտ է, փախստականների ճգնաժամ է, փախստականների մեջ կան շատ մարդիկ, որոնք Իսլամական պետության կողմնակիցներ են»,- ասաց նա:

Սուրեն Մանուկյանը համարում է, որ քաղաքակրթական եւ գաղափարախոսական բախում կա, ինչքան էլ Եվրոպան փորձի դրանից խուսափել. «Ես կարծում եմ, որ այս արժեքային համակարգերի բախումն է, որ այսօր Եվրոպայում բերում է այս դրսեւորումները»: Սուրեն Մանուկյանը կարծում է՝ եթե նույնիսկ Սիրիայի պատերազմը չլիներ, եթե փախստականների հոսքը չլիներ, Եվրոպայում պարբերաբար նման դրսեւորումների ականատես կլինեինք:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե հատուկ ծառայությունները չէին կարո՞ղ կանխել Բրյուսելում տեղի ունեցածը, Սուրեն Մանուկյանը պատասխանեց. «Թերացումներ եղել են, ես չեմ ուզում բացառել եւ ասել, որ չի եղել: Ես կարծում եմ, որ իրենց անվտանգության համակարգերը նորմալ աշխատում են, բայց այստեղ փախստականների ճգնաժամն իր գործն արել է: Որովհետեւ այլ բան է, եթե դու քո անվտանգության համակարգի հետ աշխատում ես սովորական ռեժիմով եւ կատարում են իրենց գործը, այլ բան, որ քո երկիր մի քանի ամսվա ընթացքում հազարավոր նոր մարդիկ են գալիս, եւ քո աշխատանքը ցրվում է բոլորի մեջ:

Եթե դու առաջ հստակ գիտեիր, թե որ թաղամասերում են սովորաբար կուտակվում այս տարրերը, գիտեիր, որ մզկիթներում են իրենք հավաքվում, հիմա դու միայն դա չես վերահսկում, դու ստիպված ես վերահսկել հարյուր հազարավոր ներգաղթյալներին, որոնք գալիս են քո երկիր, քեզ ասում են, որ նրանց մեջ կարող են լինել նաեւ Իսլամական պետության կողմնակիցներ: Այսինքն՝ ուշադրությունը ցրվում է ուղղակի:

Բայց մի բան պարզ է, որ օդանավակայանը՝ որպես ռազմավարական վայր, պետք է ավելի խիստ վերահսկողության տակ լիներ: Պրոբլեմային օդանավակայանում ստուգումը միշտ ուժեղ է: Համաձայն եմ, որ կա որոշակի թերացում, բայց չէի ուզենա, դա առաջին տեղում դնել: Եթե իրենք չպայթեցնեին, եթե իրենց չձերբակալեին կլիներ երկրորդը, երրորդը, չորրորդը, այսինքն՝ եթե որպես նշանակետ ընտրված է Բրյուսելը, պայթյունը մի օր պետք է լիներ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031