Այսօր երջանկահիշատակ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է: Կոմիտասի անվան պանթեոնում նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանք բոլորը պնդում էին՝ Անդրանիկ Մարգարյանը նախ մարդ էր, հետո՝ՀՀԿ-ական: Իր մեջ այնքան բարություն կար, որ կարող էր իրեն ամենահզոր քննադատողների հետ նստեր ու լսեր նրանց:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն Aravot.am-ի հետ զրույցում այսպես ներկայացրեց Անդրանիկ Մարգարյանին՝ դասական քաղաքական գործիչ, որը հասկանում էր՝ ցանկացած խնդիր պետք է լուծվի բանակցությունների արդյունքում. «Երբեք զոռբայություն չէր անում, ճկուն էր, բարի էր, մարդ էր ամենակարեւորը: Առավոտից իրիկուն կարող է իրեն քննադատեիք, բայց իր մեջ ատելություն չկար, ինքը մանր չէր: Հիմա կա՞ն, չէ՞ գործիչներ, ԶԼՄ-ներ, որ մեկը մեկին քննադատում է՝ իրար հետ չեն խոսում: Էդ բանը Անդրանիկ Մարգարյանի մոտ չկար: Ես երբեք չեմ գնացել որեւէ մեկին ասել՝ ինչի՞ ես էս բանը իմ վրա գրել: Աստված իր հետ, ինքը այդպե՞ս է մտածել, թող գրի: Անդրանիկ Մարգարյանը երբեք չի ունեցել լրագրողների սեւ ցուցակ կամ սպիտակ ցուցակ: Եթե իրեն դիմում է ինչ-որ մեկը օժանդակելու օրենքի սահմաններում, ինքը չի ունեցել նման խնդիր, որ եթե ընդդիմությունից է, պետք է ճնշել, եթե իշխանությունից է, պետք է օժանդակել: Ինքը մեզ մի բան է սովորեցրել՝ սեփական հայրենիքում թշնամիներ մի փնտրեք: Սեփական հայրենիքում բոլորը մերոնք են»:
Էդուարդ Շարմազանովն ինքն իրեն հարց է տվել՝ ո՞րն է Անդրանիկ Մարգարյանի «ֆորմուլան». «Հիշեցի Լինքոլնին: Ըստ իս լավագույն նախագահ Լինքոլնին երբ հարցնում են՝ ինչպե՞ս ես կարողանում հաջողության հասնես, ասում է՝ ես իմ բարությամբ եւ իմ գործունեությամբ իմ թշնամիներին սարքում եմ ինձ բարեկամներ: Անդրանիկ Մարգարյանն էլ իր բարությամբ իր հակառակորդներին դարձնում էր իրեն բարեկամ, այսինքն, երբեք չարին չարով չէր պատասխանում: Ամենաչար մարդու մեջ էլ գոնե մի քիչ բարոյական բան պետք է լինի: Եթե դու վատին բարությամբ ես պատասխանում, իրենք չեն հասկանա՝ Աստված կհասկանա»:
Ըստ Շարմազանովի, Անդրանիկ Մարգարյանը դասական քաղաքական գործիչ էր, եւ իրենք բոլորը պետք է ձգտեն նմանվել նրան. «Ինքը աշակերտական նստարանից անգամ առաջ է գնացել, ինքը գաղափարի հերոս էր: ԽՍՀՄ-ում հանդգնել խոսել անկախության պայքարից, մտածել, խոսել, գործել ու գնալ, ազատազրկման մեջ լինել, դա ռոմանտիզմ էր պահանջում: Եթե այն ժամանակ ասեին՝ մենք կարող ենք անկախ լինել, մարդիկ կարող է ասեին՝ դու հոգեկան հիվանդ ես, ո՞նց կարող է նման բան լինի, դա այնքան անիրատեսական էր, ռոմանտիզմ էր: Եվ ինքը, Ազատ Արշակյանը, Պարույր Հայրիկյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Վազգեն Կարախանյանը, Ստեփան Զատիկյանը եւ մյուսները ռոմանտիկների խումբ է եղել, որոնցով միայն կարելի է հիանալ: Անդրանիկ Մարգարյանն իմ ուսուցիչն է եղել, կա ու կմնա: Իմ սեղանի գրքերից մեկը իր նվիրած գիրքն է, պարբերաբար կարդում եմ: Ինչքան մեծանում եմ, ավելի եմ հասկանում իրեն»:
Կարդացեք նաև
Նա հորդորեց հանրությանը շատ գիրք կարդալ, հատկապես՝ դասականներին, որ ուղեղները չժանգոտի. «Անդրանիկ Մարգարյանը կարդացող գործիչ էր, անգիր գիտեր համաշխարհային գրականություն: Հրանտ Մաթեւոսյանի տաղանդի առջեւ խոնարհվում էր, ո՞նց ասեմ՝ ֆանտաստիկ մարդ էր: Ինքը լավ հայ էր՝ իր բոլոր թերություններով, առավելություններով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ