Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը` «հավեսի համար իր օբյեկտում» վանդակ դնելու, կենդանի պահելու մասին

Մարտ 25,2016 14:04

«Գյումրու գազանանոցի հետ կապված աղմուկից հասկացանք, որ օրենսդրական բացեր ունենք»,- այսօր հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Դրանից հետո, նախարարությունում աշխատանքային խումբ է ստեղծվել, որն աշխատում է համապատասխան օրենքի նախագծի վրա: ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովն էլ այսօր խորհրդարանական լսումներ էր կազմակերպել` «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներին պահելու օրենսդրական կարգավորումը և առկա թերությունները» թեմայով: Հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանն ասաց, որ նախարարության պատրաստած փաստաթուղթը քննարկվել է ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ, քննարկումները դեռ ընթանում են:

Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ներկայացրեց նախատեսվող փոփոխությունների փաթեթը: Ըստ այդմ, առաջարկվում է, որպեսզի յուրաքանչյուր ոք, ով վայրի կենդանի տիրապետող է՝ կիսաազատ կամ ազատ պայմաններում, պատասխանատվություն կրի այդ կենդանու համար, տարեկան կտրվածքով որոշի, վճար ներկայացնի: Արդյունքում, կգոյանա համապատասխան դրամագլուխ, որը ռիսկային դեպքերում եւ ֆորսմաժորային իրավիճակներում հայտնված կենդանատեսակների խնդիրներին արագ լուծումների հնարավորություն կտա: Օրենքի գործելուն պես կհայտարարվի խստացման ռեժիմ, կենդանիները կգրանցվեն եւ կհամարակալվեն:

Ինչպե՞ս վարվել այն ֆիզիկական անձանց հետ, ովքեր իրենց ռեստորանային համալիրում, հաճախորդ գրավելու համար, կենդանիներ են պահում`ոչ պատշաճ պայմաններում, խոշտանգում են, անմարդկային վերաբերմունք են դրսեւորում`հարցրեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Հասարակական կազմակերպությունները մեզ մոնիտորինգ են ներկայացրել, թե որ ռեստորաններում կան նման բաներ: Ինչ-որ մեկն իր հավեսի համար իր օբյեկտում վանդակ է դրել ու կենդանի է պահել»,- ասաց նա:

Փոխնախարարն ասաց, որ սահմանվելու է թույլտվության կարգ, նաեւ`կենդանիների պահման խիստ կարգ է սահմանվելու, որ խնդիրներ չլինեն:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Ավետիսյանը հետաքրքրվեց`քրեական պատիժ սահմանվելո՞ւ է: Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ եվրոպական երկրներում անգամ քրեական պատասխանատվություն է սահմանված կենդանուն խոշտանգելու կամ ոչ պատշաճ պահելու համար:

«Վայրի նապաստակի կամ էկզոտիկ այլ կենդանու համար պատիժը պետք է վարչարարության սահմաններում լինի»,- պատասխանեց բնապահպանության փոխնախարարը`նկատելով, որ 200 հազար դրամից ավել տուգանքն արդեն մեխանիկորեն քրեական պատասխանատվության դաշտ է տանում:

ԲՀԿ-ական պատգամավոր Վահագն Մախսուդյանն էլ հետաքրքրվեց. «Գյումրիում այդ մարդուց առգրավվեցին կենդանիները, բայց գնեցի՞ն, թե ի՞նչ արեցին: Խոշտանգել էր`պատժեք, բայց դա իր սեփականությունն էր»: Փոխնախարարը նկատեց, որ Ստեփան Վարդանյանին`Գյումրու գազանանոցի սեփականատիրոջը, ամենախիստ պատժին պետք էր արժանացնել. «Բայց նա սնանկացման գործընթացում էր եւ մենք զերծ մնացինք պատիժներից`կենտրոնանալով կենդանիներին փրկելու վրա»:

Վահագն Մախսուդյանն էլ նկատեց. «Ամոթ էր մեր հանրապետության համար, դիմեցինք, աշխարհով մեկ հայտարարեցինք`եկան այդ կենդանիներին տարան կերակրելու: Այս օրենքը, հուսով եմ, կլուծի նման հարցերը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031