ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) իրականացրել է հետսովետական 12 երկրներում գործող, գյուղմթերքի առևտրին առնչվող քաղաքականությունների հետազոտություն:
Ընդհանուր առմամբ, ամբողջ տարածաշրջանում նկատվում է գյուղմթերքի առևտրի ծավալների կայուն աճ, սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ այդ երկրների կողմից վարվող քաղաքականություններում առկա են էական տարբերություններ։ Հետազոտության մեջ ներառված երկրների մեծամասնությունը ներկայումս ակտիվորեն ներգրավված է համաշխարհային և տարածաշրջանային ինտեգրման գործընթացներում։ Մասնավորապես, որոշ երկրներ անդամակցում են առևտրի համաշխարհային կազմակերպությանը, ինչն էլ վկայում է հետագա զարգացման հնարավորության մասին։ Սակայն վերջին ժամանակներում ընթացող քաղաքական գործընթացները բացասական ազդեցություն են ունեցել տարածաշրջանում առևտրային հարաբերությունների վրա և հետագայում կարող են խոչընդոտել հետսովետական տարբերի երկրների միջև երկկողմանի առևտրային հարաբերությունների զարգացմանը։
Հետազոտությունը բաղկացած է 12 բաժիններից, որոնցից յուրաքանչյուրն անդրադառնում է մեկ երկրի և պարունակում է տեղեկատվություն երկրի գյուղատնտեսության վիճակի, գյուղմթերքի առևտրի ոլորտում առկա վերջին միտումների, արտահանման և ներկրման կառուցվածքի, ներքին շուկայի սակագների և ոլորտը կարգավորող օրենսդրության մասին։
«ՊԳԿ-ն կարող է ծառայել որպես չեզոք հարթակ գիտելիքների և փորձառության փոխանակման համար, մասնավորապես առևտրային տարաձայնությունների պարագայում,» նշում է Իրինա Կոբուտան, ՊԳԿ-ի առևտրային հարցերով տնտեսագետը։ «Առևտրային քաղաքականությունում երկրների միջև թափանցիկ հարաբերությունները կարող են հիմք ծառայել համագործակցության և շուկայական ինտեգրման խորացման համար։»
Գրքույկը պատրաստվել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գյուղատնտեսական ապրանքների առևտրի հարցերով փորձագետների խմբի 12 անդամների կողմից։ Հետազոտությանը մասնակցել են հետևյալ երկրները՝ Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան, Ղազախստանը, Կիրգիզստանը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանը և Ուկրաինան։ Հետազոտությունն իրականացվել է ՊԳԿ-ի «Գյուղմթերքի առևտրի զարգացում և ինտեգրում» տարածաշրջանային նախաձեռնության շրջանակում։
ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն