Այս օրերին, երբ ականջներում դեռ արձագանքում են Բրյուսելի պայթյունները, եւ այսուհետեւ էլ, երբ աշխարհի տարբեր մասերում կորոտան նորանոր ու թերեւս ավելի արյունալի պայթյուններ, համաշխարհային մամուլի էջերում կշարունակվեն մեկը մյուսից ավելի խորիմաստ վերլուծությունները ահաբեկչություն կոչված չարիքի մասին: Քաղաքագետներ, սոցիոլոգներ, կրոնագետներ եւ այլ մասնագետներ կմեկնաբանեն ու կբացատրեն ISIS-ի եւ ահաբեկչական մյուս կազմակերպությունների արարքներն ու մեթոդները, շարժառիթներն ու դրդապատճառները, դրանց հոգեմտավոր եւ անգամ բնազանցական դրսեւորումները: Այդ վերլուծությունների մեծ մասը իսկապես արժանի է մեր ուշադրությանը, լինելով արժանահավատ եւ արժեքավոր:
Այսուհանդերձ, գրեթե տեւական ժամանակ հետեւելով այդ հրապարակումներիՙ գոնե ինձ հասանելի մասին, դեռեւս չեմ հանդիպել, միջազգային մամուլում, մի այնպիսի մոտեցման, որը ձգտի պեղել, երեւան հանել խորքային պատճառները հակամարդկային եւ հակաքաղաքակրթական այդ երեւույթի, որը կոչում ենք ահաբեկչությունՙ իր տարբեր դրսեւորումներով ու խնդիրներով:
Տրիվյալ խոսք էՙ մարդասպան կամ գող չեն ծնվում, ինչպես ահաբեկիչ չեն ծնվում: Ահաբեկիչ, մարդասպան ու գող դառնում են: Անշուշտ ճիշտ չէր մեր ժամանակների մեծագույն ջարդարարներից, Սաբրա եւ Շաթիլա գաղթակայանների սպանդի հերոս, հետագայում Իսրայելի վարչապետ Արիել Շարոնը, երբ ասում էր, թե պաղեստինցի յուրաքանչյուր հղի կնոջ փորում մի ահաբեկիչ կա նստած: Նա ճիշտ կլիներ, եթե ասած լիներ, որ Գազայի կամ Արեւմտյան ափի եւ կամ Պաղեստինի հարեւան երկրների գաղթակայաններում մեծացող յուրաքանչյուր երեխա պոտենցիալ ահաբեկիչ է: Հապա ի՞նչ պիտի դառնար կեղտի, հիվանդությունների, թշվառության պայմաններում ապրող եւ իսրայելական տանկերին քարերով դիմավորող երեխան ու պատանին…
Ատելությունն է ծնում ատելություն:
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում