Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընտրակեղծարարները հովանավորվում են պետության կողմից. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 25,2016 12:15

Դատարանները շարունակում են մեղմ վերաբերմունք ցուցաբերել սահմանադրական փոփոխությունների օրվա ընտրակեղծարարների նկատմամբ։

Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության   դատարանը 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները կեղծելու մեջ մեղադրվող 28/35 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հենրիկ Շահբազյանի նկատմամբ շատ մեղմ պատիժ է սահմանել՝ նրան դատապարտելով պայմանական ազատազրկման։

Բանն այն է, որ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղակայված 28/35 տեղամասում չնայած համատարած ընտրակեղծիքներին, «Ոչ»-ը 3 ձայնի առավելությամբ, հաղթանակ էր տարել։ Հանրաքվեի ժամանակ 304 քաղաքացի քվեարկել էր «Ոչ»-ի եւ 301-ը՝ «այո»-ի օգտին։ Հանձնաժողովի նախագահ Հենրիկ Շահբազյանն էլ իր տեղամասի փաստաթղթերն Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողով ներկայացնելուց առաջ կեղծել էր արդյունքները, արձանագրություններում եւ գրանցամատյանում «այո»-ի 301 ձայնը գրիչով դարձրել էր 601։

ՀՀԿ-ական Հենրիկ Շահբազյանի հանցագործությունը բացահայտվել էր Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ջանքերով։ Հանրաքվեի արդյունքները հրապարակելուց հետո ՀԱԿ-ում համեմատել էին 28/35 ընտրատեղամասի հանձնաժողովի իրենց անդամի ներկայացրած արձանագրությունն ու ԿԸՀ-ի հրապարակած վերջնական արդյունքները, անհամապատասխանություն էին նկատել եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ Այստեղ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 150 հոդվածի հատկանիշներով, եւ նյութերն ուղարկվել էին Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննության։

Երեկվա դատաքննությունը եւս անցավ վաղուց հայտնի սցենարով, ընտրակեղծարարն ընդունեց մեղքը, խնդրեց արագացված դատաքննություն կիրառել՝ չմոռանալով, իհարկե, դատարանից մեղմ պատիժ խնդրել։ Արդյունքում՝ քրեական գործում եղած ապացույցներն այդպես էլ չհետազոտվեցին, նաեւ պատասխան չտրվեց հարցին, թե ո՞վ էր ՀՀԿ-ական փոխգյուղապետին հրահանգել կամ դրդել ընտրակեղծարարության (չնայած՝ դժվար չէ ենթադրել, որ Հենրիկ Շահբազյանը ողջ մեղքը կփորձեր իր վրա վերցնել՝ հավաստիացնելով, թե իբր որեւէ մեկը, առավել եւս՝ ՀՀԿ-ից, ընտրությունները կեղծելու հրահանգ չի տվել։

Ընդ որում, ընտրակեղծարարի նկատմամբ առավել քան բարյացակամ էր տրամադրված մեղադրող դատախազը։ Պատահական չէ, որ դատախազը երեկ միջնորդեց Շահբազյանի նկատմամբ որպես պատիժ սահմանել պայմանական ազատազրկում (ՀՀ քրեական օրենսգիրքը նման դեպքերում 3-5 տարվա ազատազրկում է սահմանում)։

Դատավոր Վաղինակ Մկրտչյանն էլ դատավճիռ կայացրեց՝ Շահբազյանին դատապարտել 3 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվելու, եւ նրա նկատմամբ սահմանվել է 1 տարի փորձաշրջան։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031