Բելգիայի ոստիկանության ծավալած լայնամասշտաբ հատուկ գործողությունների արդյունքում վեց հոգի է ձերբակալվել այդ երկրի մայրաքաղաք Բրյուսելում։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Թեև ոստիկանության ձեռնարկած գործողությունների արդյունքում ձերբակալված անձինք մեղադրվում են 2016թ. մարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության հետ առնչություն ունենալու գործով, բայց դեռևս չկան փաստեր, որոնք ապացուցում են ձերբակալված վեց անձանց հանդեպ կասկածները։
Աղբյուրի փոխանցմամբ, Բրյուսելի իրավապահ համակարգի ներկայացուցիչների խոսքերով, այդ նույն մեղադրանքով մեկ անձ էլ ձերբակալվել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Ընդհանրապես, իրավապահ մարմինները մի շարք նմանություններ և կապ են տեսնում 2015թ. Փարիզում և մի քանի օր առաջ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների միջև. սա առաջին հերթին պայմանավորված է հանգամանքով, որ երկու դեպքում էլ կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Տեղեկացնենք նաև, որ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Բելգիայի կառավարությանը հրաժարականի դիմում են ներկայացրել այդ երկրի Արդարադատության և Ներքին գործերի նախարարները, սակայն Բելգիայի վարչապետը հրաժարվել է ընդունել հրաժարականների դիմումները։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2016 մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների հետևանքով զոհվել էր 31 մարդ, հարյուրավոր մարդիկ ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։