Հռոմի Պապի մասնակցությամբ ավանդաբար կատարվող ոտքերի լվացման արարողությունը խորհրդանշում է կաթոլիկ եկեղեցու ծառայության յուրահատուկ դրսևորումներից մեկը։ Այս մասին տեղեկացնում է aljazeera լրատվական կայքը։
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինն այցելել է Հռոմի մերձակայքում՝ տարբեր դավանանքի ներկայացուցիչներով բնակեցված փախստականների ճամբար, որտեղ հանգրվանածների մեծ մասը մուսուլմաններ են։ Այցելության ժամանակ Հռոմի պապը լվացել և համբուրել է փախստականների ոտքերը։
Ֆրանցիսկոսին փախստականները դիմավորել են մեծ պաստառով, որի վրա գրված է եղել «Բարի գալուստ» արտահայտությունը աշխարհի մի շարք լեզուներով։ Հռոմի Պապի այցելությունը մեծ իրարանցում է առաջացրել, որի արդյունքում փախստականներից բացի՝ բազմաթիվ մարդիկ եկել են փախստականներով բնակեցված ճամբար, հանդիպել և լուսանկարվել Պապի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ, այս արարողությանը մասնակցելու համար նախկինում ընտրվում էին 12 տղամարդ, որոնք խորհրդանշում էին Հիսուսի 12 առաքյալներին, իսկ այս տարի՝ Ֆրանցիսկոս Պապի ջանքերով, այս կարգը փոխվել է և արարողությանը մասնակցել է 8 տղամարդ և 4 կին։ Տղամարդկանց շարքում եղել են 4 կաթոլիկներ Նիգերիայից, 3 մուսուլման՝ Մալիից, Սիրիայից և Պակիստանից և մեկ հինդու՝ Հնդկաստանից։