Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեղամ Գրիգորյանն ակնկալում էր կառավարության աջակցությունը

Մարտ 25,2016 13:17

Ճանաչված օպերային տենոր, Հայաստանի եւ Լիտվայի Հանրապետությունների ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի հետ՝ 2015թ. հունիսի 26-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո, «Առավոտի» հանդիպումը երկու նպատակ էր հետապնդում. ծանոթանալ առաջիկա ծրագրերին եւ տեղեկանալ, թե Երեւանում, վերջապես, ե՞րբ կբացվի նրա նախաձեռնությամբ Օպերային արվեստի միջազգային ակադեմիան։ Գեղամ Գրիգորյանը նախ ասաց, որ պահպանելով ավանդույթը, 2015-16 թթ. թատերաշրջանը կրկին կմեկնարկի Տիգրանյանի «Անուշ»-ով։ «Ծրագրել ենք հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերականգնել Բելինիի «Նորմա» եւ հանդիսատեսին ներկայացնել Պուչինիի «Տոսկա» օպերային ներկայացումները: Նպատակ ունենք թատրոնում հիմնել նոր՝ «Երիտասարդական օպերային ծրագիր», որտեղ, բնականաբար, կընդգրկվեն բացառապես երիտասարդ երգիչներ:

Այս մասով կհամագործակցենք Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հետ: Այդ ծրագիրը ղեկավարելու համար կհրավիրենք դաշնակահար-կոնցերտմայստեր Լեւոն Ջավադյանին, ով, առաջինը՝ հիանալի գիտի օպերային գրականություն, երկար տարիներ աշխատել է երիտասարդ երգիչների հետ, որոնք այսօր ճանաչված անուններ են ոչ միայն մեզ մոտ, այլեւ արտասահմանում: Ցանկություն ունենք հենց երիտասարդների ուժերով բեմադրել Չայկովսկու «Եվգենի Օնեգինը», Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուրը»: Այս պահին այսքանը: Մեր թատրոնի բալետային խմբով, ամենայն հավանականությամբ, ձեռնամուխ կլինենք Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի իրականացման աշխատանքներին: Անկասկած, կվերականգնենք, բացի «Նորմայից», ժամանակին ինչ-ինչ պատճառներով թատրոնի խաղացանկից դուրս մնացած որոշ բեմադրություններ եւս։ Սա, իհարկե, մեր ծրագրերի մի մասն է»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը։ Գեղամ Գրիգորյանի՝ թատրոն վերադառնալուն պես՝ շատ է խոսվում, թե անվանի արվեստագետը մտադրություն ունի հրավիրել երիտասարդ երգիչների, արդյոք դա չի՞ ենթադրում «ազատվել» որոշ մեներգիչներից հարցին ի պատասխան՝ մաեստրոն հակիրճ ասաց. «Այն մեներգիչները, ովքեր պարզապես գործ չունեն անելու եղած խաղացանկային եւ առաջիկա բեմադրություններում, նրանց հետ կկնքենք պայմանագիր եւ միայն անհրաժեշտության դեպքում կհրավիրենք նրանց: Թատրոններում, ոչ միայն մեր, անհրաժեշտ է թարմություն….»։

Հիշեցնենք, որ արդեն 2015-16թթ. թատերաշրջանը սկսվելուն պես՝ սեպտեմբերի 4-ին, Գեղամ Գրիգորյանը եւ օպերային դիվա Լյուբով Կազարնովսկայան հրավիրեցին բարեգործական համերգի, մասնակցությամբ ոչ միայն տեղացի, այլեւ հրավիրյալ արտիստների, այդ թվում՝ ճանաչված երգիչներ Ալեքսանդր Չերնովի (Ռուսաստան), Նիկոլա Ուլիվերիի (Իտալիա), Վիշնիա Ռադոսադի (Սերբիա), դիրիժոր Անատոլի Լեւինի (Ռուսաստան)։ Ակադեմիայի առիթով պարոն Գրիգորյանը տեղեկացրել էր նաեւ, որ կլինեն նման եւս մի քանի բարեգործական համերգներ՝ մշակութային այդ օջախի աշխատանքներն ավարտին հասցնելու համար՝ ակնկալելով կառավարության աջակցությունը: Հարցին, թե՝ ովքե՞ր իրավունք կստանան սովորելու կամ կատարելագործվելու ակադեմիայում, եւ արդյոք այդ ուսումնական հաստատությունը միայն օպերային երգիչների՞ է ծառայելու, արվեստագետը պատասխանել էր. «Ակադեմիան արդեն պատրաստի, ավելին՝ կայացած եւ գուցե ճանաչված երգիչների համար է, այսինքն՝ մեզ մոտ կվերապատրաստվեն օպերային երգիչներից բացի, դիրիժորներ, ռեժիսորներ, նկարիչներ, կարճ ասած՝ երաժշտական թատրոնի հետ կապ ունեցող տարբեր մասնագիտությունների տեր երիտասարդ արվեստագետներ։ Ակադեմիան սիրով կհյուրընկալի նաեւ այն երգիչներին, որոնք, ասենք՝ ընդամենը մեկ դերերգ պատրաստելու համար կդիմեն մեզ։ Բարձրակարգ ուսումը կապահովեն նաեւ արտերկրից հրավիրված ճանաչված մասնագետներ։ Մեզ մոտ ծրագրել ենք նաեւ անցկացնել վարպետության դասընթացներ»։

Աշխարհում ամռան ամիսներին բացօթյա ամֆիթատրոններում կամ դահլիճներում կայանում են օպերային, բալետային արվեստների փառատոներ։ Այդ առումով հայտնի է իտալական «Արենա դի Վերոնան», գերմանական «Անտառային բեմը» եւ այլն։ Հետաքրքրությանը՝ կգա՞ մի օր, որ մենք էլ կունենանք բացօթյա, մի քանի հազար հանդիսատեսի համար նախատեսված դահլիճներ, Գեղամ Գրիգորյանը հավաստիացրել էր, որ Քանաքեռում կառուցվող Օպերային արվեստի միջազգային ակադեմիային հանդիպակաց նախատեսված է կառուցել մինչեւ 1500 հանդիսատեսի համար բացօթյա դահլիճ, որը մեզ էլ հնարավորություն կընձեռի ամռան ամիսներին ներկայանալ օպերային, բալետային ներկայացումներով, անցկացնել նաեւ, ինչպես ընդունված է Արեւմուտքում, միջազգային փառատոներ։

Օպերային թատրոնում կարճատեւ՝ շուրջ 8-ամսյա աշխատանքային գործունեության ընթացքում Գեղամ Գրիգորյանի ծրագրերի մի մասն իրականություն դարձավ, օրինակ՝ արդեն գործում է «Երիտասարդական օպերային ծրագիրը», վերականգնվել է «Նորմա» օպերան, որի առաջին ներկայացումը նշանակված է ապրիլի 4-ին, սկսվել էին Պուչինիի «Տոսկա» օպերայի փորձերը, որի պրեմիերան նախատեսված էր հունիսին, եւ այլն: Ինչ վերաբերում է Օպերային արվեստի միջազգային ակադեմիային, համոզված ենք, որ մեր կառավարությունը կիրականացնի անվանի արվեստագետի արդեն անկատար մնացած այս մե՜ծ երազանքը, քանի որ սա պարզապես անհրաժեշտ է մեր երկրին:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ. Գեղամ Գրիգորյանի ծրագրերը ներկայացնող հարցազրույցը՝ «Առավոտ» օրաթերթի 13.08.2015 համարում:

«Առավոտ» օրաթերթ
25.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031