Ավագ ուրբաթ օրը նշում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի մատնության, չարչարանքների ու խաչելության հիշատակը, որը մի դեպքում պատմում է մարդկային դավաճանության ու դաժանության, իսկ մյուս կողմից` աստվածային սիրո ու համբերատարության մասին:
Հիշատակվում է Ավագ հինգշաբթի երեկոյան, երբ կատարվում է «Խավարման» արարողությունը: Սա խորհրդանշում է այն, որ խաչելությունից առաջ Տիրոջ գլխին փշե պսակ դրեցին, ծաղրեցին, անարգեցին, ապա խաչեցին, ծարավը հագեցնելու համար ջրի փոխարեն լեղի տվեցին եւ մեռնելուց հետո էլ տեգով խոցեցին: Քրիստոս այս բոլոր չարչարանքները հանձն առավ եւ խաչափայտի վրա հոգին ավանդեց՝ մարդկության փրկության եւ մեղքերի քավության համար:
Ըստ տեր Եսայի քահանա Արթենյանի` օրվա խորհուրդը մեզ համար առիթ է բացահայտելու, որ եթե Քրիստոսին մեկ անգամ արդեն մատնեցին ու ծաղրեցին, ձերբակալեցին ու խաչեցին, ուրեմն ամեն տարի Ավագ ուրբաթ օրը Քրիստոսին կրկին ծաղրում եւ խաչում են ու այս անգամ ոչ թե հրեաները, այլ մենք` քրիստոնյաներս: Տեր հայրը նշում է, որ մեր մեղքերը նման ցավ ու վիշտ են պատճառում մեր Տիրոջը նաեւ այսօր, եւ մեր սրտերը քար են, եթե մենք անկեղծորեն չպիտի զղջանք: Այսօր մեր աղոթքը պիտի լինի առ Աստված. «Տեր իմ եւ Փրկիչ իմ, մի՞թե արդար է, որ Դու գամվել ես խաչին, իսկ ես ամբողջ իմ կյանքը փափուկ տեղ եմ փնտրում, Դու փշե պսակ ես կրում Քո գլխին, իսկ իմ գլխում չար մտքեր ու մտածումներ են միայն: Մի՞թե արդար է, երբ Քո խոցված կողից Կենարար Արյունն է հոսում, իսկ իմ սիրտը, չարությամբ լցված, չարիք է խորհում, երբ Քո ձեռքերը եւ ոտքերը ծակված են գամերով, իսկ իմ ձեռքերը լի են անարդարությամբ, եւ ոտքերս տանում են ինձ դեպի կործանում: Ես պիտի կրեի այդ խաչը, ես պիտի նման չարչարանքների արժանանայի, իսկ եթե չեմ կարող հանուն քեզ մեռնել, գոնե պիտի անկեղծորեն զղջամ, եթե չեմ կարող իմ արյունը թափել, գոնե զղջումի արցունքներ կթափեմ, եթե չեմ կարող իմ կյանքը տալ հանուն Քեզ, գոնե պիտի վարձահատույց լինեմ սիրով: Անմեղ Աստված, Հիսուս Քրիստոս, այդքան մեծ սիրով նայեցիր մեզ ամենքիս, զրկանքներ կրեցիր մեր փրկության համար, փոխարենը ամենաքիչը, որ կարող ենք անել, Քեզ սիրելն է մեր ամբողջ հոգով ու ամբողջ սրտով»:
Ավագ ուրբաթ օրը, ի հիշատակ Հիսուս Քրիստոսի թաղման, ծաղիկներով ու մշտադալար ծառերի ոստերով խորհրդանշական գերեզման է պատրաստվում: Առավոտից մինչեւ Ավագ շաբաթ օրվա կեսօրը խորհրդանշական գերեզմանը դրվում է եկեղեցու ատյանում` Սուրբ խորանի առջեւ:
Կարդացեք նաև
Այդ խորհրդանշական գերեզմանի մոտ դրվում է երկու հատ վառվող մոմ, ի հիշատակ ավետարար սպիտակազգեստ հրեշտակների:
Ավագ շաբաթ կեսօրից հետո քանդում են ծաղկահյուս գերեզմանը եւ բաժանում հավատացյալներին, որոնք տանում են տուն եւ մինչեւ հաջորդ տարվա Ավագ ուրբաթ օրը պահվում է Ծաղկազարդի տոնին օրհնված ուռենու ճյուղերի հետ:
Ուրբաթ օրը նաեւ Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը, եւ Տերը անեծքով պատժելով մարդուն` արտաքսեց Դրախտից:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
25.03.2016