Այսօր Հայաստանի նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան 9-րդ տարելիցն է: Յուրաքանչյուր տարի այս օրը Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն են այցելում ներկա եւ նախկին պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ ու շարքային քաղաքացիներ՝ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին: Ով թեկուզ մեկ անգամ շփվել, զրուցել է նրա հետ՝ այլեւս երբեք չի մոռացել նրան… Անդրանիկ Մարգարյանն իրոք բացառիկ անհատականություն էր՝ մարդկային իր բնավորության գրեթե բոլոր դրսեւորումներով:
Բոլոր նրանք, ովքեր բախտ են ունեցել աշխատել նրա հետ, կվկայեն, որ որքան էլ խիստ ու պահանջկոտ էր աշխատանքին վերաբերող հարցերում, նույնքան նրբանկատ, ներող ու հանդուրժող էր միջանձնային հարաբերություններում: Անցած 9 տարիների ընթացքում մեր երկրի կյանքում բազմաթիվ իրավիճակներ եղան, եւ զգացվեց նրա պակասը, նրա մեծահոգի հանդուրժողականության, ծայրահեղությունները հարթելու աներեւակայելի կարողության, անգամ ամենալարված իրավիճակներում նրա սթափ, հավասարակշիռ որոշումների կարիքը:
«Առավոտ» օրաթերթ
25.03.2016