Պետրոս Մակեյանը կարծում է, որ քաղաքական ուժերը
հաջորդ խորհրդարանում հայտնվելու խնդիր են լուծում
«Եթե ուշադիր հետեւում եք իշխանությունների պահվածքին` նրանք արդեն ցինիկ են դարձել: Ազգային ժողովում այն քննարկման ժամանակ, որ իրենք հավաքել-բերել էին, Դավիթ Հարությունյանի ելույթն ու պահվածքը խոսում են այն մասին, որ իրենք իրենց մեջ վախը կոտրել են եւ հաշվում են, որ ժողովուրդն այլեւս գոյություն չունի, փողոց դուրս չի գա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչները խորհրդարանում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին չէին մասնակցում: «Դա իրենց ձեռնտու տարբերակ էր, որ աշխարհին ցույց տան` քաղաքական ուժերը, քաղհասարակության ներկայացուցիչները մասնակցում էին»,- իր բացատրությունները ներկայացրեց մեր զրուցակիցը: Պետրոս Մակեյանը չի ընդունում նաեւ ՀԱԿ-ի առաջարկը՝ «4+4+4» տարբերակով աշխատանքն ԸՕ-ի նախագծի շուրջ: Դա ենթադրում է իշխանական, ընդդիմադիր եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համատեղ աշխատանք: «Ինչ որ առաջարկում է Լեւոն Զուրաբյանը` իշխանության համար նվեր է, որովհետեւ գործընթաց է սկսվում: Այն, ինչը միջազգային հանրությանը հաճո է, եւ իրենք անում են, դա նվեր է իշխանությանը: Այդ նվերը պետք չէ մատուցել, բայց իրենք մատուցում են. չեմ կարծում, որ այդքան փորձ չունեն եւ չեն հասկանում, թե ինչ են անում»,- ասաց Պետրոս Մակեյանը: Ճշտող հարցին` կարծում եք, միտումնավո՞ր են անում` փորձելով իշխանության հետ համագործակցության եզրեր գտնել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Միգուցե վատ բան եմ ասում, բայց հնարավոր է՝ իրենք էլ ժողովրդից հույսները կտրել են եւ 2017 թվականին «ջրի երեսին» մնալու համար փորձելու են Ազգային ժողով մտնելու խնդիր լուծել: Սա իմ կարծիքն է, միգուցե նաեւ սուբյեկտիվ, բայց այլ բացատրություն չունեմ»:
Հիշեցնենք. օրերս լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կասկած էր հայտնել, որ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը կլինեն հաջորդ խորհրդարանում: «Իրենք դատապարտված են, իրենք գիտեն, որ այս ժողովուրդն իրենց տեսել է, այլեւս չի վստահելու: Նրանք վտանգի տակ են նաեւ մյուս խորհրդարան գալու համար: Ես խիստ կասկածում եմ, որ կլինեն»,- ասել էր իշխող ուժի ներկայացուցիչը:
«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը համամիտ չէ նման մոտեցումների հետ: «Եթե ամենն անկեղծ ձեւով է արվում, եւ չկան որոշակի նախապայմաններ, արդյունք կարող է լինել»,- ասաց մեր զրուցակիցը: ԸՕ-ի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նախապայմաններ ներկայացրեց իշխանական քառյակի մասնակցության մասով` այդ ֆորմատի քննարկումների արդյունքում որոշումներ չեն ընդունվում, լինելու են քննարկումներ, որոնց արդյունքում առաջարկներ կձեւավորվեն` բարելավելով նախագիծը: Իշխանությունները մերժում են նաեւ ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հիմնական պահանջները` քվեարկածների ցուցակների հրապարակում, ընտրացուցակների մաքրում, մատների թանաքոտում եւ այլն: «Բայց եթե կա նախատրամադրվածություն, ես էլ չեմ պատկերացնում, թե ինչպիսի երկխոսություն կլինի»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ կարելի է «4+4+4» տարբերակով չսահմանափակվել՝ նկատի ունենալով, որ, ասենք, խորհրդարանում ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցություններում մեկից ավելի քաղաքական ուժեր են ընդգրկված: Իշխանության մասով շատ կարեւոր է համարում անպայման ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչների մասնակցությունը, արդարադատության նախարարության ներկայացուցչի, նախագծի հեղինակների, ԿԸՀ-ի, ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ներկայացուցիչը:
Պետրոս Մակեյանը մամուլից է ծանոթացել այն սցենարին, որ բանակցություններ են վարվում ՀԱԿ-ի, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի, ՀԺԿ-ի եւ քաղհասարակության որոշ ներկայացուցիչների միավորման համար` 2017-ի ընտրություններին համատեղ՝ դաշինքով մասնակցելու նպատակով: «Նոր Հայաստան»-ը, հիշեցնենք, մերժում է ընտրությունների ճանապարհը: Ավելին՝ օրերս Ազատության հրապարակում հայտարարվեց, որ քաղաքական ուժերի եւ ժողովրդի մոբիլիզացիայի հերթական փորձն են անում: Սակայն մամուլում տեղեկություններ եղան, որ Ժիրայր Սեֆիլյանի հետ համաձայնություն է ձեռք բերվել` այս փորձի ձախողվելու դեպքում քննարկվելու է միասնական ուժերով ընտրությունների գնալու տարբերակը։ «Նման խոսակցություններ մեզ մոտ չկան: Այս պահին քննարկումներ են գնում բանակցություններ վարել հնարավոր գործընկեր քաղաքական ուժերի հետ, որպեսզի համազգային մոբիլիզացիայի երրորդ փորձը հաջողված լինի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը: Մեր զրուցակիցը չի կիսում տեսակետը, որ «Նոր Հայաստանի»` հանրային մոբիլիզացիայի նախորդ փորձերը տապալվել են: «Դեկտեմբերյան փորձը կարելի է համարել հաջողված՝ այն իմաստով, որ սահմանադրական հանրաքվեն ե՛ւ մեր հասարակությունը չի ընդունում, ե՛ւ միջազգային հանրությունն է կասկածի տակ դրել: Դա նաեւ «Նոր Հայաստանի» հրապարակային ու ակտիվ պայքարի արդյունքն էր»,- ասաց նա` համաձայնելով, որ մոբիլիզացիայի վերջնական նպատակը չի կատարվել. «Այո, իշխանությունը դեռեւս իր ղեկին է»: Թե ի՞նչ ազդակներից ելնելով են որոշել, որ այս անգամ կհաջողեն, Պետրոս Մակեյանը պատասխանում է. «Մենք ոչ միայն երրորդ, էլի փորձելու ենք… երկրի այս վիճակը, աշխարհաքաղաքական այս իրավիճակը, գործող վարչախմբի կոռումպացվածությունը, քրեաօլիգարխիկ համակարգը եւ այլն մեզ պարտադրում են մինչեւ վերջ փորձել` մինչեւ հասնել արդյունքի: Դա կլինի երրորդ, չորրորդ, թե որերորդ փորձով` պայքարը պետք է շարունակվի: Իրենք պետք է հանգիստ չզգան»:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.03.2016