Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարելի է ավելի ռադիկալ մի քայլ էլ անել»

Մարտ 25,2016 15:00

Աղասի Ենոքյանը մատնանշում է հակաահաբեկչական պայքարի իր սպասումները

Եվրոպայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքը սարսափեցրեց ամբողջ աշխարհին: Արդեն կասկածյալ ահաբեկիչների մասին տեղեկատվությունը կա, սակայն նրանց պահանջը, կարելի է ասել, ձեւակերպված չէ. սա է զարմացնում Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանին:

Նա «Առավոտի» հետ զրույցում նաեւ խորհրդանշական համարեց այն, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել Բրյուսելում, որտեղ կենտրոնացված են Եվրոպական միության եւ ՆԱՏՕ-ի կառավարման մարմինները:

«Տեսնում ենք, որ նախորդ ահաբեկչության հետքերն էլ են տանում Բրյուսել, որտեղ բավականին կազմակերպված խմբավորում է գործում»,- ասում է պարոն Ենոքյանը եւ նշում, որ այս կառույցները պետք է համարժեք պատասխան տան ահաբեկիչներին: «Մի պատասխան պետք է լինի տեխնիկական միջոցներով ահաբեկչության դեմ հակաահաբեկչական միջոցառումներ անելը. դա անվտանգության բարձրացումն է, սահմանների վրա խուզարկումներ անելը, բայց կարելի է ավելի ռադիկալ մի քայլ էլ անել, ինչպես ԱՄՆ-ը սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո արեց, երբ որ նա դիմեց ՆԱՏՕ-ին, որպեսզի աշխատեցնի ՆԱՏՕ-ի հինգերորդ հոդվածը, եւ փաստորեն Հյուսիսատլանտյան դաշինքը մուտք գործեց Աֆղանստան: Հիմա եթե Բելգիան դիմի ՆԱՏՕ-ին, չի բացառվում, որ Սիրիայում սկսվի ցամաքային գործողություն»,- ասում է մեր զրուցակիցը՝ նշելով, որ այս քայլին սպասում էր նաեւ ավելի վաղ:

Անդրադառնալով Ռուսաստանի «կշտամբող» հայտարարությանը, թե պետք չէր, որ Եվրոպան առանձնացներ «լավ եւ վատ ահաբեկիչներին»՝ պարոն Ենոքյանն ասում է. «Ռուսաստանի հայտարարությունը ինչ-որ տեղ շանտաժի է նմանվում: Փաստորեն Ռուսաստանը ասում է՝ քանի դեռ իր հետ չեն երկխոսում Ուկրաինայի հարցում, նման գործողությունները կշարունակվեն: Եթե մենք հաշվի առնենք, որ ձերբակալված կասկածյալներից ոմանք Ռուսաստանի քաղաքացիներ են, մինչ այդ ահաբեկիչները Ռուսաստանի քաղաքացիներ են եղել նաեւ Բոստոնի ահաբեկչության ժամանակ, ԱՄՆ-ի մի շարք ահաբեկչություններում, այստեղ կարելի է չբացառել նաեւ, որ Ռուսաստանը այս գործողությունների մեջ ունի որոշակի մասնակցություն: Փաստորեն զորքերը Սիրիայից հանելով՝ նաեւ այլ քաղաքականություն է որդեգրում, որը կստիպի իրեն հաշվի առնել»:
Անդրադառնալով Թուրքիայի հորդորներին, թե ահաբեկչության դեմ պայքարում պետք է ընդգրկել նաեւ քրդերի դեմ պայքարը՝ պարոն Ենոքյանն ասում է. «Թուրքիան փորձում է իր օրակարգն առաջ տանել, իսկ իր օրակարգն այսօր քրդերի հարցը լուծելն է, նաեւ քրդական կառույցներին ընդգրկելը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում եւ այլն»:
Աղասի Ենոքյանը կարծում է, որ Մերձավոր Արեւելքում այս ահաբեկչություններից հետո արդեն կսաստկանան հակաահաբեկչական գործողությունները: «Հաստատ այս ահաբեկչություններով չեն վախեցնի Եվրոպային, այլ ավելի կամրապնդեն նրա վճռականությունը»:

Հայաստանի վրա, ըստ մեր զրուցակցի, Մերձավոր Արեւելքում տեղի ունեցողն իր ազդեցությունը կունենա:

«Եթե այստեղ կա ռուս-թուրքական կոնֆլիկտ, ուրեմն այն նաեւ իր ազդեցությունը կունենա Հայաստանի վրա: Հիմա դժվար է ասել, թե ինչ քայլեր կլինեն: Առաջին հարցն, այնուամենայնիվ, Ռուսաստանի եւ Թուրքիայի հետագա քայլերն են, որից հետո մենք կարող ենք որոշակի ենթադրություններ անել»,- ասում է պարոն Ենոքյանը:

 
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031