Ասաց ամբաստանյալ Հարություն Մկրտչյանը
«Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված, ապա տեղի անվտանգության աշխատակիցների եւ ոստիկանների կողմից ծեծի ենթարկված, սակայն իշխանության ներկայացուցիչներին բռնության ենթարկելու մեղադրանքով ամբաստանվող Հարություն Մկրտչյանը ցուցմունք տվեց:
Մինչ ցուցմունք տալը՝ երեկ ամբաստանյալը դիմեց Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Աբրահամյանին, թե պատրաստ է իր ցուցմունքը տալ երկրորդ ամբաստաանյալի՝ Արգիշտի Գոմցյանի ցուցմունքից հետո:
Արգիշտի Գոմցյանը հրաժարվեց ցուցմունք տալ, ուստի մեղադրող Էդգար Արամյանը միջնորդեց, որպեսզի հրապարակվեն նախաքննության ժամանակ նրա տված ցուցմունքները: Ա. Գոմցյանը կասկածյալի կարգավիճակում ցուցմունք, ըստ էության, չէր տվել, չէր արտահայտել իր դիրքորոշումը՝ մեղավոր լինել-չլինելու հետ կապված: Մեղադրյալի կարգավիճակում նա հայտնել էր, թե ընկերը՝ Հարություն Մկրտչյանն իրեն է զանգել, ասելով, թե վատ է: Հասել է Թումանյան փողոցի վրա գտնվող «ժամի հայաթը», ուր ընկերն անգիտակից ասում էր՝ փրկեք: Կանչել են շտապօգնություն, Հարությունին տեղափոխել են վերակենդանացման բաժին: Ըստ ամբաստանյալի, ինքը խուլիգանություն անելու համար չէր գտնվում հիվանդանոցում, այլ ընկերոջը բուժօգնություն ցույց տալու: Նա նաեւ հայտնել էր, որ բժիշկներից խնդրել է, որպեսզի «ընկերոջը մարդկային վերաբերմունք ցույց տան»:
Կարդացեք նաև
Արգիշտին տեսել էր, թե ինչպես է Հարությունը փորձել հեռանալ՝ «դուրս գալ», իսկ հետո չի իմացել ի՞նչ է կատարվել: Ինքը նույնպես ստացել էր մարմնական վնասվածքներ, սակայն դրանք ինչ հանգամանքներում են եղել, չէր կարողացել իմանալ: Արգիշտին իրեն մեղավոր չէր ճանաչել:
Լրացուցիչ հարցաքննության ժամանակ քննիչը մեղադրյալին հարցրել էր, թե թմրանյութ օգտագործո՞ւմ է, որտեղի՞ց է ձեռք բերում, Արգիշտին հրաժարվել էր նախաքննության ժամանակ քննիչի այս հարցին պատասխանել:
Հարություն Մկրտչյանն ընկերոջ ցուցմունքը հրապարակվելուց հետո նկարագրեց, թե ինչպես է անգիտակից վիճակում հայտնվել: Նա ասաց, որ այդ օրը երկու շիշ գարեջուր է օգտագործել, եւ քանի որ սրտի հետ կապված խնդիր ուներ, նրան չէր կարելի ոգելից խմել, ինքնազգացողությունը վատացել է, եւ նա դիմել է Արգիշտիին: Նա ասաց, երբ հիվանդանոցում կաթիլային սարքն են միացրել, իր աչքերի առաջ սեւացել է: Փորձել է դուրս գալ հիվանդասենյակից, իրեն քաշքշել են, դուրսը ծեծում էին, ոստիկանության հերթապահ մաս են տարել, էլի ծեծել են: Նորից ծեծելուց հետո բերել են հիվանդանոց:
«Ոչ մեկին չեմ խփել, բրթել եմ, ուզել եմ դուրս գալ»,- ասաց ամբաստանյալը:
Պաշտպան Սերգեյ Աբրահամյանի հարցին՝ իսկ նետե՞լ եք թթվածնի բալոնը, ամբաստանյալը պատասխանեց. «Եթե մարդը վատ է լինում, անգիտակից է, ծեծում են, տանում քաղմաս, օգնություն ցույց չեն տալիս, ինչպե՞ս կարող էր»:
Այն հարցին էլ, թե հարվածե՞լ եք ոստիկաններին, Հարություն Մկրտչյանն ասաց. «Ի վիճակի չէի հասկանալ, աչքիս առաջ սպիտակ պատեր էին»:
Ի դեպ, Հարությունը ստացել էր քսանից ավելի մարմնական վնասվածք:
Նրան, իր իսկ խոսքերով, փորձաքննության էին ներկայացրել դեպքից երկու ամիս հետո: Ամբաստանյալն ասաց, որ կողոսկրերի վնասվածք է ստացել, սակայն հետագայում իմացել է, որ ռենտգեն լուսանկարը կորել է:
Մեղադրողի հարցին էլ, թե ի՞նչ նպատակ ունեին վկաներ, բժիշկ-ոստիկանները ստելու, ամբաստանյալը հարցով պատասխանեց. «Դուք չգիտե՞ք, որ խաչաձեւ հարցեր եք տալիս: Իրենք խնդիր ունեին՝ իրենց արածը մարսելու, ինձ դատելու»:
Ամբաստանյալի ցուցմունքից հետո հանկարծ նոր ցուցմունք տալու ցանկություն հայտնեց ամբաստանյալ Արգիշտի Գոմցյանը: Նա ասաց, որ պատգարակ է խնդրել, ընկերոջը օգնություն ցուցաբերելու համար. «Հարությունը վազում էր դուրս: Հարված եմ ստացել ինքս: Հասնելով բաժին, Հարությունին ինձնից հետո են բերել: Ինքս էլ վատ վիճակում եմ եղել»:
Ամբաստանյալն ասաց, որ բժիշկներն անմարդկայյին վերաբերմունք էին ցույց տալիս. «Պատգարակից փորձել էր փախչել: Հարվածում էին: Փորձել եմ, որ ոչ մի բան չանեն»:
Դատախազը հակասություններ տեսավ ամբաստանյալ Հարություն Մկրտչյանի՝ դատարանում տված եւ նախաքննության ժամանակ տվածների միջեւ, միջնորդեց հրապարակել, չնայած հրապարակվելուց հետո այնքան էլ պարզ չդարձավ, թե որն էր հակասությունը:
Նախաքննության ժամանակ, ամբաստանյալը զղջացել էր կատարվածի համար, եւ հայտնել, թե խառը հարվածներ է հասցրել ոստիկաններին: Թե ում էր հարվածել, ամբաստանյալն ասել էր, թե չի հիշում, քանի որ անգիտակից է եղել:
Ամբաստանյալը դատախազի ճշտման հարցին, թե ինչո՞ւ էր ցանկանում դուրս գալ հիվանդանոցից, պատասխանեց, թե ցանկացել է, որպեսզի իրեն վնաս չտան:
Դատարանն անցավ ապացույցներին:
Միայն, երբ հրապարակվեց դեպքի վայրի զննության արձանագրությունը, պարզվեց, որ դատարանում վկաներ հանդես եկածների նկարագրությունն է, ուրիշ ոչինչ: Բայց չէ՞ որ ամբաստանյալները մեղադրվել են պետական գույքը վնասելու մեջ, իսկ թե ի՞նչ են կոտրել, ի՞նչն է եղել վնասված դեպքի վայրում, արձանագրված չէր, քանի որ տուժող ոստիկաններն ու ոստիկանության բաժինն անգամ չեն գիտակցել, որ իրենց «ստրախովկայի» համար անհրաժեշտ էր պահպանել դեպքի վայրը:
Արձանագրվել էր. «Դեպքի վայրից ոչ մի բան չի առգրավվել: Հավաքարարների կողմից հավաքվել են…ապակու կտորները»:
Հենց այդ պահին էլ դատարանի ձայնագրառման սարքը խափանվեց: Դատական նիստը հետաձգվեց:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
նկարը՝ հեղինակի
«Առավոտ» օրաթերթ
24.03.2016