Ասատուր Սարյանի շնորհիվ առկա է «Հեծանվորդը Բեւերլի Հիլզից» ինքնակենսագրական վիպակի հայերեն առաջին ամբողջական թարգմանությունը
Լույս է տեսել Վիլյամ Սարոյանի «Հեծանվորդը Բեւերլի Հիլզից» ինքնակենսագրական վիպակի հայերեն առաջին ամբողջական թարգմանությունը: Գիրքը հրատարակել է Հայաստանի գրողների միությունը, իսկ տպագրությունն իրականացվել է «Վան Արյան» տպագրատանը: Թարգմանիչը բանասիրական գիտությունների թեկնածու, Երեւանի Ն. Գոգոլի անվան 35 հիմնական դպրոցի տնօրեն Ասատուր Սարյանն է: Գրքի շապիկի ձեւավորման մեջ օգտագործվել է դրվագ լուսանկարիչ Պողոս Պողոսյանի՝ Սարոյանին հեծանիվի վրա պատկերող հայտնի լուսանկարից:
«Առավոտի» հետ զրույցում Ասատուր Սարյանն ասաց, որ սա Սարոյանի թարգմանության արդեն երրորդ փորձն է, նախորդ երկու գրքերն էին «Մարդկության տունը» (2008) եւ «Ձեռնամարտ ի սեր Հայաստանի» (2009): «Հեծանվորդը Բեւերլի Հիլզից»-ն առաջին ինքնակենսագրական վեպն է, եվրոպական շատ լեզուներով է թարգմանվել, սակայն մինչեւ հիմա հայերեն ամբողջական թարգմանություն չկար: Այն կարեւոր տեղ է գրավում Սարոյանի ստեղծագործության մեջ: Ցանկությունս մեկն է՝ Սարոյանի ստեղծագործության դեռեւս չթարգմանված մասը դնել ընթերցողի սեղանին: Դեռ չենք խոսում անտիպների մասին, որոնք, ինչպես Սարոյանն է վկայում, տպագրված գործերից շատ են»,- հայտնեց թարգմանիչը:
Ասատուր Սարյանի համոզմամբ, Սարոյանը մեծ ասպարեզ է բացում իր ստեղծագործությամբ՝ նոր թարգմանությունների ու նոր ուսումնասիրությունների համար:
Ասատուր Սարյանի խոսքերով, «Հեծանվորդը Բեւերլի Հիլզից» վիպակի ասելիքը սեղմ բնութագրելու դեպքում, պետք է նշել. «Սարոյանը մատնացույց է անում այն ազդակները, որոնք նպաստել են նրա՝ գրող դառնալուն, այն հանգամանքները, որոնց բերումով որոշվել է իր զբաղմունքի առարկան: Ի՞նչը ստիպեց, որ նա ընտրի գրական աշխատանքը, ինչպե՞ս սկսեց գրել: Գրքի էջերում գրողն իր մանկության ու պատանեկան տարիների խոհերի ու տպավորությունների հուշաշխարհից երեւան է բերում այն ամենը, ինչի շնորհիվ ինքը դարձել է գրող»:
Կարդացեք նաև
Գրքի խմբագիրը Արտաշես Արամն է: Գրքի առաջաբանում նա գրել է. «Այս ինքնակենսագրական վիպակով եւ իր մյուս գործերով Սարոյանը աշխարհամեջ դուրս բերեց իր ծնողների՝ Արմենակ եւ Թագուհի Սարոյանների դժվար կյանքի պատմությունը, եւ հայ մարդու կեռմանաշատ ու դրամատիկ կյանքի պատմությունը ծավալեց, ղողանջեց եւ ընդելուզվեց գերաշխարհիկ պատումների այդ բազմաձայն խմբերգին: Բեւերլի Հիլզը Լոս Անջելեսի հայտնի արվարձանի՝ Հոլիվուդի պերճաշուք թաղամասերից է, անունը ստացել է բլրաշատ տեղանքի պատճառով: Սարոյանն իր պատմությունները գունազարդելու խնդիր չի ունեցել, քանզի այդ պատմություններն ի սկզբանե եղել են խորապես ապրված, վերապրումի կրակարաններով հազար անգամ անցկացված ու գունագեղ:
Եվ հիմա հայ ընթերցողի սեղանին է դրվելու Սարոյանի ինքնակենսագրական վիպակը՝ «Հեծանվորդը Բեւերլի Հիլզից» խորագրով: Եվ պատմում է Վիլյամ Սարոյանը հեգնելով եւ մեր էպոսի հերոսների նման բարձր ծիծաղելով: Պատմում է հաճախ հեգնելով ինքն իրեն եւ ծիծաղելով ինքն իր վրա, բայց այդ հեգնանքի ու ծիծաղի մեջ անսահման ցավ, անհուն թախիծ եւ միաժամանակ այնքան լույս ու ջերմություն կա»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.03.2016