Լրահոս
Օրվա լրահոսը

1942-ից Պարոնյանի անվան թատրոնի վարագույրը «չի փակվում»

Մարտ 25,2016 12:30

Պրեմիերաներն այստեղ հաջորդում են մեկը մյուսին

Այս տարին հոբելյանական է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի համար՝ լրանում է մշակութային այս օջախի 75-ամյակը: Այս առիթով ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանն «Առավոտին» (12.02.2016) հակիրճ ծանոթացրել էր հոբելյանական տարվա ընթացքում ծրագրված միջոցառումներին: Պարոն Ղազանչյանի խոսքից մի փոքր հատված հիշեցնենք. «Զարմանալի ժողովուրդ ենք… Մեծ հայրենականի տարիներին, երբ ռմբակոծվում էր Թիֆլիսը ու ոչ մի երաշխիք չկար, թե հնարավոր է, որ հերթը մեզ չի հասնի, Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց եւ հիմնեց Կոմեդիայի թատրոնը… Հիմա էլ, փաստորեն, ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակում ենք: Այսուհանդերձ, մեր կառավարությունը հնարավորինս ուշադիր է մշակույթի հանդեպ: Օրինակ՝ Սունդուկյանի անվան թատրոնը զինվում է լուսաձայնային գերժամանակակից տեխնիկայով, Գավառում Քալանթարի անվան թատրոնի նոր շենքն է կառուցվում, Ստեփանակերտում էլ ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախագծով Փափազյանի անվան թատրոնի շինարարական աշխատանքներն են սկսված»:

ush_lini_nush_lini

Օրերս հոբելյանական ծրագրերի շրջանակներում հրամցվեց Արտեմի Այվազյանի, Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» օպերետը: Ի դեպ, այս ներկայացումը նվիրված էր հիշյալ բեմադրության առաջին ներկայացման ռեժիսոր Վարդան Աճեմյանին եւ երաժշտության հեղինակ Արտեմի Այվազյանին: Հրավիրված էին անվանի արվեստագետների հարազատները, զավակները, թոռները, ազգականները:

morgani_khnamin

«Առավոտի» հետ զրույցում արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը նշեց, որ առաջիկայում նման եւս մեկ-երկու միջոցառումներ էլ կկայանան՝ նվիրված անվանի այն արվեստագետներին, որոնք կանգնած են եղել թատրոնի ստեղծման ակունքներում, այդ թվում՝ երգիչ Շարա Տալյանին, ռեժիսոր, դերասան Թադեւոս Սարյանին, խմբավար-դիրիժոր Արամ Տեր-Հովհաննիսյանին: Պարոն Առաքելյանը հայտնեց, որ թատրոնը առաջին անգամ վարագույրը բացել է 1942թ. հունիսի 22-ին, Ռուդոլֆ Մելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետով՝ ըստ Հյուգոյի համանուն վեպի: Մեր զրուցակիցը մեկառմեկ հիշեց այն երախտավորների՝ դերասանների, ռեժիսորների, դիրիժորների, բալետմայստերների, խմբավարների անունները, որոնց աշխատանքով է սկսվել թատրոնի կենսագրությունը: Չենք նշում եւ ոչ մի անուն, որովհետեւ հասկանալի պատճառով անվանիների անունները մեկ հոդվածում տեղ գտնել չեն կարող: Միայն ասենք, որ Սերգեյ Առաքելյանը պատրաստում է թատրոնի հոբելյանի առիթով ծավալուն աշխատություն, որը գրքի տեսքով կհրատարակվի աշնանը: Այս օրերին թատրոնում Երվանդ Ղազանչյանի ռեժիսուրայով պատրաստվում է «Զվարճալի պատերազմ կամ վտանգավոր օտարամոլություն» կատակերգությունը՝ ըստ Երվանդ Օտյանի «Չարշըլը Արթին աղան» ստեղծագործության, որի համար հատուկ երաժշտություն է գրել կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը:

karine

Կոմեդիայի թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն առանց կոնկրետացնելու ասաց, որ հոբելյանական տարում հանդիսատեսի համար դռները կբացի թատրոնի փոքր դահլիճը՝ Լեռ Կամսարի «Մենք» բեմադրությամբ (ռեժիսոր՝ Գոհար Փոքրիկյան): Հավելեց նաեւ, որ հոբելյանի առիթով ունեն աջակիցներ. «Փոքր դահլիճի գերհզոր լուսաձայնային տեխնիկայով հագեցվածությունը, օրինակ, արդյունք է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, իսկ թատրոնի պատմությունը ներկայացնող գրքի հովանավորն է բարերար Գագիկ Ծառուկյանը»:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031