Լրահոս
Օրվա լրահոսը

Օտար տառերով գրված հայերենը մեր լեզվի գերեզմանափորն է

Մարտ 25,2016 11:30

Սոցցանցերում լատինատառ գրելուց ձերբազատվելու կոչ

Սիրելի՛ հայեր, դիմում եմ ձեզ պաղատագին հորդորով, մի՛ գրեք լատինատառ հայերեն: Օտարազգի ձեր ընկերների հետ գրե՛ք լատինատառ եւ իրենց լեզվով, եթե կարող եք եւ ցանկություն ունեք կատարելագործելու օտար լեզվի ձեր իմացությունը: Հայտնի իրողություն է, որ մեր շատ երիտասարդներ տիրապետում են մեկ-երկու օտար լեզվի եւ ունեն տարբեր ազգի ընկերներ: Բնական է, հայի ընդունակությունները քչերն ունեն, կարո՞ղ ենք պատկերացնել, որ մի ֆրանսիացի, անգլիացի կամ իտալացի իր ֆեյսբուքյան հայ ընկերոջ հետ հաղորդակցվի հայերեն…..Ո՛չ… Իսկ հայերը հանգիստ հաղորդակցվում են նրանց լեզուներով:

Ինձ ընկերության հայտ ուղարկող որոշ մարդկանց էջերում հիմնականում լատինատառ գրառումներ են, կան մարդիկ, որոնք իրար հետ հայերենի փոխարեն (անգամ ոչ լատինատառ հայերեն) հաղորդակցվում են անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, ռուսերեն… Ո՞րն է դրա իմաստը, նպատակը… Լեզուն ազգի ոգին է. կորցրեց ազգը լեզուն, կկորցնի դիմադրության ու պայքարի ոգին…Մեզ աննկատ «հրամցվում» է օտար գիրը, օտար լեզուն, եւ աստիճանաբար խլում են մեզնից այդ դիմադրության ոգին: Այսօր անմեղ թվացող, հայերեն տառերի փոխարեն հոժարակամ գործածում ենք օտար տառերը, վաղը հոժարակամ կմեռցնենք մեր ազգային դիմադրության ու պայքարի ոգին…Ո՞ւմ ենք մեղադրելու հետո….

Եթե այսպես շարունակենք, մի հարյուր հիսուն տարի հետո հայոց այբուբենը իսպառ դուրս կգա գործածությունից: Հետո կգտնվեն սրտացավ ու հայրենասեր պատմաբաններ եւ «կպեղեն» գրադարաններն ու կփորձեն ապացուցել, որ սրանք հայկական տառերն են, որ դրանցով գիտական, գեղարվեստական ահռելի գրականություն է գրվել մի ժամանակ: Եվ կհայտնվեն «գիտնականներ», որոնք կապացուցեն, որ հայերը համակարգչային դարաշրջանից առաջ էլ տառեր չեն ունեցել, ինչպես որ հիմա «ապացուցում» են, թե իբր Մաշտոցից առաջ սեփական գիր չենք ունեցել:

Լեզուն միայն բանավոր խոսքը չէ, այն էլ կենցաղային-խոսակցական մակարդակում: Լեզուն հղկված, գրավոր խոսքն է՝ գրված սեփական այբուբենով: Օտար տառերով գրված հայերենը հայերեն խոսք չէ, այն դառնում է մեր լեզվի գերեզմանափորը…Մենք դառնում ենք այն կացնի պոչը, որ անտառն է հոժարակամ տալիս՝ չիմանալով, թե ինչի է ծառայելու այդ բազկաչափ ճյուղը: Կարո՞ղ ենք պատկերացնել, թե ինչպես կկարդանք Նարեկացու, Քուչակի, Սայաթ-Նովայի, Թումանյանի, Տերյանի, Իսահակյանի, Սահյանի, Րաֆֆու եւ մեր մյուս մեծերի գործերը լատինատառ: Հավատացնում եմ ձեզ, դա հայերեն չի լինի:
Սիրելի՛ հայեր՝ աշխարհասփյուռ եւ հայաստանաբնակ, այսօր համակարգչային տեխնիկան ունի բոլոր հնարավորությունները սեփական համակարգչում կամ հեռախոսում ներբեռնելու հայերեն այբուբենը: Մի՛ զլացեք, ներբեռնե՛ք: Հավատացնում եմ, որ հայատառ ստեղնաշարը մի երկու ժամում կսովորեք: Նաեւ կոչ եմ անում մեր մտավորականներին` բանաստեղծներին, գրողներին, լրագրողներին, դասախոսներին, մանկավարժներին եւ բոլոր նրանց, ում համար թանկ են մեր Լեզուն ու Այբուբենը, միանալ այս հորդորին:
Անձամբ ես այսուհետեւ չեմ ընդունի այն մարդկանց ընկերության հայտերը, որոնք Ֆեյսբուքի իրենց էջում գրում են լատինատառ կամ լատինատառ մեկնաբանություններ կթողնեն որեւէ էջում..
ՄԱՐԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Շատ տեղին առաջարկ է: Ես նաև կառաջարկեի, որ կայքերը չտպագրեն լատինատառ քոմենթները, ինչպես դա անում է «Հետք»–ը: Սկզբում մի քիչ դժվար կլինի, բայց հետո սովորական կդառնա:

  2. Areg says:

    Dear Mari,

    I was about to read the whole article truly motivated by the meaningful title. However, much to my regret, refrained immediately after reading these lines “Բնական է, հայի ընդունակությունները քչերն ունեն, կարո՞ղ ենք պատկերացնել, որ մի ֆրանսիացի, անգլիացի կամ իտալացի իր ֆեյսբուքյան հայ ընկերոջ հետ հաղորդակցվի հայերեն…..Ո՛չ… Իսկ հայերը հանգիստ հաղորդակցվում են նրանց լեզուներով: ” Indeed, among the most valuable and notable characteristics of Armenian people and our nation, modesty and considerateness have always been in the forefront. Also, to tell the truth, Armenian language illiteracy is not of primary concern or is not of great disadvantage to French, English and Italian people, whereas the opposite holds for Armenian youth.

    Regards

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031