Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկչություն ընդդեմ Հայաստանի

Մարտ 25,2016 12:00

Իրերն իրենց անունով կոչելու ժամանակը

Որքան մոտենում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Վաշինգտոն մեկնելու օրերը, նա ավելի նյարդային է դառնում։ Վերջին օրերին ականատես ենք դառնում աննախադեպ ջղաձգության պոռթկումների:

Ալիեւը, շնորհավորելով սեփական ժողովրդին Նովրուզի տոնի առթիվ, որպես ԼՂ խնդրի չկարգավորվածության հիմնական պատճառ մատնանշել է Հայաստանի «ոչ կառուցողական քաղաքականությունը», ապա անցել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ նկատելով, թե առանց այդ էլ ադրբեջանական ժողովուրդը չէր հավատում համանախագահների գործունեությանը: Ալիեւը հիշեցրել է հունվարին ԵԽԽՎ-ում քննարկված եւ քվեարկված Լեռնային Ղարաբաղի «օկուպացված տարածքների» եւ Սարսանգի ջրամբարի մասին վիճելի բանաձեւերի վերաբերյալ համանախագահների բացասական վերաբերմունքը՝ նշելով, որ համանախագահների գործողությունները ամբողջովին խարխլեցին հավատը նրանց հանդեպ:

«Ինչպես հիշում եք, այդ բանաձեւերից մեկը, որը վերաբերում էր Սարսանգի ջրամբարին, ընդունվեց լիագումար նիստում, իսկ մյուսի ընդունման համար չհերիքեց չորս ձայն: Մեր վերլուծությունները ցույց էին տվել, որ այդ երկու բանաձեւերն էլ ընդունման հետ կապված խնդիր չունեն, քանի որ կար ԵԽԽՎ պատգամավորների աջակցությունը… Սակայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Եվրոպայի Խորհրդի գործերին կոպտորեն միջամտությունը հանգեցրեց այդ ոչ հաճելի իրավիճակին: Նրանք այցելել են ԵԽ, ճնշում գործադրել այդ կառույցի ղեկավարության վրա, որպեսզի այդ բանաձեւը չընդունվի՝ իբր թե այն խնդիր է հարուցում հակամարտության կարգավորման համար: Մենք այդ քայլն ընդունում ենք որպես սադրանք»,- ասել է Ադրբեջանի նախագահը: Նա սրտնեղել է, որ նման «մեսիջներ» համանախագահները ուղարկել են ոչ միայն Ստրասբուրգ, այլ նաեւ եվրոպական երկրների ԱԳՆ-ներ: «Սա ասում եմ, որպեսզի ադրբեջանական ժողովուրդը եւս մեկ անգամ իմանա, որ հակամարտության չկարգավորված լինելը կախված է ոչ միայն Հայաստանի դիրքորոշումից: Դա անարդար է եւ երկակի ստանդարտների քաղաքականություն է»,- ասել է Ալիեւը` հիշեցնելով իր հայտնի թեզը` ԼՂ խնդիրը լուծելու համար Ադրբեջանի բանակը պետք է ավելի հզորանա:

Փաստորեն, պաշտոնական Բաքուն համանախագահներին արդեն «սադրիչ» է անվանում: Ամիսներ առաջ ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների առիթով համանախագահների դրսեւորած դիրքորոշման համար Ալիեւը միջնորդներին մեղադրում էր իսլամաֆոբիայի մեջ` ասելով. «Այսօր այդ մասին բացահայտ եմ ասում, որպեսզի իմանա նաեւ հասարակությունը։ Նրանք ամենամեծ դերակատարումն ունեն նրանում, որ հարցը չի լուծվում։ Ինչո՞ւ։ Որովհետեւ երկակի չափանիշներ են կիրառում։ Ի՞նչն է պատճառը։ Հարցնում ես, իսկ պատասխան չկա։ Դա նույնպես յուրօրինակ մարտավարություն է։ Երբ հարցն իրենց դուր չի գալիս, չեն պատասխանում։ Բայց մենք գիտենք պատասխանը։ Մենք մուսուլման ենք, այդ պատճառով էլ մեզ վերաբերում են երկակի չափանիշներով։ Հատկապես հիմա, երբ Եվրոպայում իսլամաֆոբիան հասել է իր գագաթնակետին»:

Մի քանի ամիս է՝ արդեն քննարկվում է միջնորդների առաջարկած` սահմանային միջադեպերի կանխարգելման մեխանիզմների ստեղծումը: Այժմ փոխանակ Բաքուն իր պատասխանը ներկայացնի՝ աճպարարությամբ է զբաղված: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ասել է, թե Հայաստանի իրական նպատակը տարատեսակ «սադրիչ գործողությունների օգնությամբ բանակցային գործընթացը վնասելն է, որպեսզի պահպանի գործող ստատուս քվոն եւ բռնակցված ադրբեջանական տարածքները»։ Ապա Մամեդյարովը հավելել է, թե օրակարգում տեխնիկական հարցեր մտցնելը, ինչպիսին միջադեպերի հետաքննությունն է, Հայաստանի կողմից գիտակցված քայլ է, «որպեսզի շեղի ուշադրությունը հակամարտության կարգավորումից»։ Նրա խոսքով՝ «միջադեպերի հետաքննությունը կարող է քննարկվել միայն Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զինուժը դուրս բերելու գործընթացի շրջանակներում»։

Նախ` վերոնշյալ առաջարկը միջնորդներինն է, ոչ թե Հայաստանինը: Հայկական կողմը, ի տարբերություն ադրբեջանական կողմի, ընդունել է այդ առաջարկը: Իսկ պաշտոնական Բաքվին, ինչպես երեւում է, այնքան է հունից հանել համանախագահների այդ առաջարկը, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են միջադեպերի հետաքննության գործիքը հայկական կողմից ներկայացված ինչ-որ տեխնիկական բնույթի հարց համարել:

Բայց այս ամենում մեկ այլ ուշագրավ հանգամանք կա: Ալիեւի ջղաձգության մեջ որոշակի ագրեսիայի չափաբաժնից եթե հանենք սեփական ժողովրդի առջեւ «հերոսանալու» հերթական դերակատարության հատվածը, ապա նկատվում է, որ Ադրբեջանի իշխանությունները ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից հատկապես մեկի նկատմամբ նույն անվստահությունը չունեն: Խոսքը վերաբերում է Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններին: Ընդհակառակը` Մոսկվայից ակնկալիքները մշտապես ավելին են, այս դեպքում ամեն ինչ հարթ է, դժգոհություն չկա: Ինչո՞ւ, չէ՞ որ Ռուսաստանն էլ է ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում եւ գոնե պաշտոնապես միանում է ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի բոլոր հայտարարություններին:

Ռուսաստանյան «Կոմերսանտին» տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն անդրադառնալով ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ՌԴ-ի հետ հարաբերություններին՝ նշել է, թե դրանք հաջողությամբ զարգանում են` հիմնված փոխշահավետ համագործակցության վրա: Բաքուն վստահեցնում է, որ վճարումների հետ կապված որեւէ խնդիր չկա, սխալ է այն տեղեկությունը, թե կան ֆինանսական չլուծված հարցեր. «Խնդիրն այն է, որ անհրաժեշտ է ուղղումներ մտցնել սպառազինության մի շարք կոնկրետ տեսակների տեխնիկական պարամետրերում։ Դմիտրի Ռոգոզինի խոսքով՝ դա կարվի ամենամոտ ժամանակներս»,- վստահեցնում է Մամեդյարովը:

Բաքուն Մոսկվային բողոքի նոտա էր հղել` Հայաստանին զենքի վաճառքի համար: Թվում էր, թե ՌԴ-ն ու Ադրբեջանը կարող էին սրել հարաբերությունները, բայց պարզվեց՝ այստեղ էլ անլուծելի խնդիրներ չկան: Համենայնդեպս, ըստ Մամեդյարովի` ՌԴ ԱԳՆ-ում ճիշտ են ընկալել իրենց նոտայի տոնը. «Նոտայի բովանդակությունը հանգում էր խնդրանքի, որ Հայաստանին սպառազինություն մատակարարող Ռուսաստանը հաշվի առնի, որ այդ սպառազինությունը չպետք է հայտնվի ադրբեջանական կորսված տարածքներում։ Նման մատակարարումների հարցում գոյություն ունի վերջնական օգտագործողի կանոնը։ Եթե վերջնական օգտատերը լիներ Հայաստանը, ապա հարցը դուրս չէր գա Երեւանի ու Մոսկվայի միջեւ երկկողմ հարաբերությունների շրջանակներից։ Իսկ ահա, երբ զենքը հայտնվում է Ադրբեջանի կորսված տարածքներում, դա ընդհանրապես այլ բան է»։

Երբ լրագրողը Մամեդյարովին հայտնել է, որ ամեն դեպքում այդ զենքը հայտնվելու է ԼՂ տարածքում, նա նշել է. «Հաշվի առնելով, որ ՌԴ-ն ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ ամբողջովին անտրամաբանական է կորսված տարածքներում ռուսական զենքի առկայությունը»:

Ապրիլի սկզբին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնելու է Ադրբեջան` քննարկելու երկկողմ համագործակցության զարգացումը, ԼՂ խնդիրը: Վստահաբար Լավրովը շտապելու է ճշտել Ալիեւից ամերիկյան այցի ընթացքում Վաշինգտոնի պահանջներն ու ակնկալիքները ԼՂ կարգավորման գործընթացում, որպեսզի շարունակեն համատեղ ուժերով նոր բարդություններ ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության համար:

Առհասարակ՝ եկել է իրերն իրենց անունով կոչելու ժամանակը: Ադրբեջանը վաղուց է արդեն իրեն դուրս դրել Հայաստանի հետ բանակցելու, երկխոսելու դաշտից: Հայաստանի հարեւանը սպառնում, շանտաժի է ենթարկում միջազգային հանրությանը, Ադրբեջանի իշխանությունը երկրի ներսում զբաղված է հայատյացության, ռազմատենչության քարոզով ու կեղծիքի տարածմամբ: Սա յուրօրինակ ահաբեկչություն է ընդդեմ հայկական կողմի, խաղաղության հաստատման ջանքերի, եւ եկել է ժամանակը, որպեսզի միջազգային հանրությունը մտորի նաեւ այս ուղղությամբ:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031