Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՔԱՆՉԵԼԻ

Մարտ 25,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ   քսանհինգերորդ

ՍՔԱՆՉԵԼԻ

Տարիներ անց, երբ Վարուժին իր էդ նկարը հիշեցնելով հարցրի՝ «չես փոշմանե՞լ, որ էն նկարդ ջնջեցիր»,  Վարուժը ժպտալով ինձ հարցրեց՝ «հաճույք ե՞ս ստանում», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ց», եւ Վարուժը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «որ էդ խզբզոցը նկար ես անվանում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ օրվանից մենակ սարդելկեքն եմ հիշում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց «շատ ընտիր սարդելկեք էին», եւ ես  ժպտալով ասացի՝ «սովորական սարդելկեք էին», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «սովորական էին, բայց հավեսով կերանք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դու չգիտեմ, բայց ես հաճույքով ու հավեսով կերա, ինչպես ասում են՝ ըմբոշխնեցի», եւ ես ասացի՝ «սովորական սարդելկեք էին. քո արվեստանոցում էդ սարդելկեքից շատ ենք կերել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մարդու խիղճը որ հանգիստ ա լինում, ամենասովորական ուտելիքն էլ հաճույքով ու ախորժակով ա ուտում»,  եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «էդ օրը խիղճդ հանգիստ է՞ր», եւ Վարուժը պատասխանեց ու ասաց՝ «շա՜տ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ հավանածդ խզբզոցը որ ջնջել էի, խիղճս արդեն շատ հանգիստ էր», եւ ես ժպտալով ասացի՝ «իմ ջգրու ես չէ՞ էդ նկարը խզբզոց անվանում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իմ ջգրու ես չէ՞ էդ խզբզոցը նկար անվանում», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ խզբզոցը մինչեւ  հիմա հիշում եմ. մտքիցս չի ջնջվում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իմ մտքից էլ էն մյուսը չի ջնջվում», եւ ես հարցրի՝ «ո՞ր մյուսը», եւ Վարուժը պատասխանեց ու ասաց՝ «էն՝ որ էդ խզբզոցի փոխարեն նվիրեցի քեզ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «փաստորեն, էդ օրը լավ շահեցիր», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ նվիրածդ աչքի լույսի պես պահում եմ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դե լավ ա, որ արժեքը հասկանում ես», եւ ես մի քիչ մտածեցի ու մեղավոր ժպտալով ասացի՝ «մի բան որ ասեմ, էլի նեղանալու ես», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ինձ թարս նայելով ասաց՝ «եթե քո նպատակն ինձ նեղացնելն ա, ասա», եւ ես մի քիչ մտածեցի ու մեղավոր ժպտալով ասացի՝ «եթե  էդ օրն էն ջնջածդ խզբզոցն ինձ նվիրեիր, ավելի կշահեի» եւ մի քիչ էլ  մտածեցի ու ավելացրի՝ «կամ՝ գոնե պորտրետս ինձ նվիրեիր», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «պորտրետդ աչքի  լույսի պես պահում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու միանգամայն լուրջ տոնով ավելացրեց՝ «գիտեմ, էնքան ես անելու՝ մինչեւ էդ նվիրածս  նկարը հետ ուզեմ», եւ ես  ժպտալով ասացի՝ «նկար հետ տվող չկա» ու ժպտալով ավելացրի՝ «արդեն նվիրել ես», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «գիտես, որ էդ բանը չեմ անի, դրա համար էլ ավելպակաս խոսում ես», եւ որպեսզի ձեզ համար էլ  պարզ լինի՝ ինչ նկարի մասին է խոսքը, կիսատ թողածս տեղից շարունակելով պիտի ասեմ, որ էդ օրվա սարդելկեքն իրոք չտեսնված էին, եւ չնայած հովհարային անջատում էր, Վարուժի սպիրտայրոցների վրա եփված էդ սարդելկեքն էնքան համով էին, որ մի քանի րոպեում ոչնչացրինք, եւ էդ սարդելկեքի հետ գարեջուրն էլ էր չտեսնված գնում, եւ հիմա, երբ Վարուժն անխղճորեն ու անարդարացիորեն բացակայում է մեր էս երկրային կյանքից, հիշողությունս լարելով՝ ամենայն մանրամասնությամբ սկսում եմ հիշել էդ բացառիկ ու անմոռանալի օրը՝ սկզբից մինչեւ վերջ, եւ, փաստորեն, ձեզ համար էլ ամենայն մանրամասնությամբ նկարագրեցի՝ ընդհուպ էն պահը, երբ սարդելկաներն ու գարեջրերը մի կերպ Վարուժի արվեստանոց հասցնելով՝ հոգեկան ու հոգեբանական չափազանց ծանր կացության մեջ հայտնվեցի, եւ դժվար թե էդ պահի իմ վիճակն ու հոգեվիճակը  պատկերացնեք, որովհետեւ որպեսզի էդ պահի իմ հոգեվիճակը պատկերացնեք, նախ պիտի պատկերացնեք թե՝ ինչպիսի սքանչելի նկար էր ջնջել ու ոչնչացրել Վարդանյան Վարուժը, ու էդ պահին դժվար թե հավատայի, որ Վարուժը ոչնչացրել է էդ հրաշալիքը, եւ էդ պահին ինձ ձեռնտու էր մտածել, որ Վարուժն իմ հավանածը մի կողմ դրել ու միանգամայն այլ՝ նոր նկար է սկսում, բայց, ցավոք սրտի, էդ նորի գորշ ու թաց շերտի տակից իմ հավանածի երեք սիլուետները դեռեւս իրենց նկատել էին տալիս, ավելի ճիշտ՝ դրանք ոչ թե ջնջվածի սքանչելի սիլուետներն էին, այլ՝ ջնջվածի վերաբերյալ իմ դեռեւս թարմ հիշողությունը, որն առ այսօր էլ գոյություն ունի իմ մպապատկերում, ինչպես որ ինքը՝ Աստծո փառահեղ ստեղծագործություններից Վարդանյան Վարուժն է իմ մտապատկերում ու տեսադաշտում  մշտապես ներկա, եւ Աստծո ստեղծագործություն որ ասում եմ, էս պահին նաեւ Վարուժի էդ ջնջած նկարը նկատի ունեմ, որովհետեւ Վարուժի նկարակալին էդ առավոտ հայտնված էդ կանացի սիլուետներն էնքան կենդանի ու էնքան շնչավոր էին՝ ինչքան Աստծո ձեռամբ արարված մյուս շնչավորներս:

 

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031