Քաբուլ տանող փոշեպատ ճանապարհին երկու երեխա՝ եղբայր ու քույր, վերջին ժամերն են անցկացնում միասին: Հետո ասես ոչինչ չի էլ եղել: Ոչ ոք այլևս չի հիշատակի եղբոր հոգածությամբ ու սիրով երջանիկ Փարիին: Աբդուլլան չի մոռանա: Քույրը չի հիշի… Նրանց կյանքի հետագա տարիները շրջանակվում են նվիրումի, անգթության և վերադարձի պատմություններով, մինչ Աֆղանստանում կյանքը շարունակվում է՝ աղետալի շրջադարձերով լի…
«Զանգակ» հրատարակչության նախաձեռնությամբ և Անուշ Սեդրակյանի թարգմանությամբ հայ ընթերցողի գրադարանը համալրվում է ամերիկացի (ծագումով՝ աֆղան) գրող Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները» վեպով, որի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 24-ին, «Լոֆթ» կենտրոնում:
Համաշխարհային բեսթսելլեր համարվող այս վեպը, որը լույս է տեսել 2013 թվականին, արդեն թարգմանվել է մոտ 40 լեզվով:
Հայերեն թարգմանության հեղինակ Անուշ Սեդրակյանի փոխանցմամբ՝ «Զանգակ» հրատարակչությունը թարգմանության համար ընտրել էր մի քանի ստեղծագործություններ, որոնցից ինքը նախընտրել է թարգմանել «Եվ արձագանքեցին լեռները» վեպը. «Պատկերացրեք, որ Դեն Բրաունի «Ինֆեռնո»-ն ստորադասեցի Հոսեյնիի այս գրքին այն պարզ պատճառով, որ սա մեր մշակութային իրողության համար, հիրավի, և´ նորություն է, և´ կրկնում է մեր պատմական-գրական ավանդույթը: Մենք էլ ունեինք բազմաթիվ հեղինակներ, որոնք, գաղթական լինելով, գրել են այդ երկրի լեզվով և, միևնույն ժամանակ, պահպանել են իրենց երկրի այն կոլորիտը, որն այդպիսի սրությամբ կարելի է զգալ միայն ուրիշ լեզվի մեջ։ Օրինակ՝ Վիլյամ Սարոյանը։ Եթե Սարոյանի արձակը թեթև է և խաղացկուն, Հոսեյնիի արձակն ավելի ժամանակակից մարդու արձակ է, ավելի տարողունակ է, ներառում է կյանքի տարբեր ոլորտներ և տալիս է դրանցից յուրաքանչյուրի պատասխանը»,- ասաց Ա. Սեդրակյանը։
Կարդացեք նաև
Նրա բնորոշմամբ՝ «Եվ արձագանքեցին լեռները» վեպը գլոբալ փախուստ է. «Բոլոր հերոսներն ինչ-որ բանից փախչում են. մեկը՝ իրենից, մյուսը՝ գաղթից, երրորդը՝ պատերազմից, չորրորդը՝ իր սիրուց… և բոլորը հետո գալիս հանգում են նույն կետին՝ ապացուցելով, որ ճակատագրից չես փախչի։ Դա արևելյան մեկնաբանությունն է: Եվրոպացին անպայման կասեր, որ ճակատագրից կարելի է փախչել»,- նշեց Ա. Սեդրակյանը:
«Հոսեյնիի վեպում կարող ենք տեսնել մարդկային ճակատագրեր, որոնք նրբորեն խաչաձևվում են միմյանց, տարբեր պատումներ՝ կարծես թե միմյանցից անկախ, սակայն վեպի ողջ ընթացքում մի ընդհանուր գաղափարով միավորված:
Վեպում մարդկային ցավ ու ողբերգություն կա, բայց առանց քարոզի ու լացի, առանց հերոսականացման արտահայտությունների։ Մարդիկ են, որոնք ապրում են, զոհաբերություններ անում, մտածում են, որ լավ բան են անում իրենց երեխաների, իրենց մտերիմների համար, բայց իրականում այդ լավի ու վատի սահմանն աննկատ է, և հաճախ լավ մտադրությունը դառնում է շատ վատ գործ: Հայրը, օրինակ, զոհաբերություն է անում հանուն զավակի, բայց զավակն այդ զոհաբերության արդյունքում դժբախտանում է»,- ներկայացրեց գրականագետ Հայկ Համբարձումյանը՝ ընդգծելով, որ գործ ունենք հրաշալի վեպի հետ, որը յուրաքանչյուր գլխում, յուրաքանչյուր էջում մեզ ստիպում է մտածել մարդկային ճակատագրերի մասին։
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ