«Մեր դիրքորոշումը հստակ է, Հայաստանում ցանկացած ակցիա ու գործողություն պետք է իրականացվի Հայաստանի օրենսդրության խստագույն պահպանման պայմաններում: Մեր սիրելի ոստիկաններն ու քաղաքացիները պետք է հարգեն ՀՀ օրենքը: Ընդունում եմ, որ մեր քաղաքացիները, օրենքով սահմանված կարգով, իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտել, բողոքի ակցիաներ կազմակերպել, բայց ինձ համար անակնակալ էր, որ տեղի ունեցավ մի բան, որ մեր մենթալիտետի համար կամ մեր մայրաքաղաքում, մեր երկրում, կարծես թե, առաջին անգամ տեղի ունեցավ:
Մեր երկրում ընդունված չի եղել, որ կանայք մեխեն իրենց, միգուցե դա այլ ձեւ է: Ես դատախազի ու դատավորի գործառույթ չեմ ուզում վերցնել, ակցիան դիտելով՝ տպավորություն ունեմ, որ ոստիկանները չէին ցանկանում բախումներ: Իսկ Հայաստանում պետք է զերծ մնանք սադրանքներից ու պրովոկացիաներից: Մեր քաղաքացիների ազատության իրավունքը շատ ենք հարգում, բայց բոլորը պետք է հարգանք ունենան նաեւ ոստիկանի նկատմամբ, պետք է սովորենք հարգել մեր ոստիկաններին»,- ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ի պաշտպանություն քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի անցկացված կանանց ճակատի բողոքի ակցիային:
Նա արհեստական օրակարգային հարց համարեց այն, որ «Հիմնադիր խորհրդարանը» փորձում է իր շուրջ համախմբել ընդդիմադիր ուժերին. «Օրվա կարեւորագույն խնդիրը այսօր քաղաքական քիչ թե շատ նորմալ ուժերի համար Ընտրական օրենսգրքի ընդունումն է»:
Անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե պատրաստվում է մտքերի հեղափոխություն անել՝ պարոն Շարմազանովն ասաց. «Չենք կարծում, որ նիստից հետո պետք է քննարկենք հերթական ընդդիմադիր գործչի մտքերը, մտքեր են, հնարավոր է քամու տատանումներ լինեն, չեմ պատրաստվում ամեն տատանման մասին այսօր գնահատական տալ, ավելի լուրջ հարցեր կան քննարկելու, չեմ մեկնաբանում»:
Կարդացեք նաև
Պարոն Շարմազանովը նաեւ պատմեց, որ ՀՀԿ նիստում այսօր քննարկել են նաեւ ԸՕ շուրջ հարցեր, պատրաստ են դրա շուրջ հաշվի առնել քաղաքացիական հասարակության, իրենց գործընկերների առաջարկները. «ՀՀԿ-ն եզրահանգման եկավ, որ պատրաստ ենք աշխատել բոլորի հետ, հաշվի կառնվեն բոլորի առաջարկները, կարեւոր է նաեւ Վենետիկի հանձնաժողովի առաջարկները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ