Մարտի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց գերատեսչությունների, միջազգային, եկեղեցական և համահայկական կառույցների ներկայացուցիչներին՝ ակտիվ մասնակցության համար: Նախարարը նշեց, որ այսուհետ միջգերատեսչական հանձնաժողովի նիստերը գումարվելու են ընդլայնված կազմով, որի մեջ ընդգրկվելու են նաև սիրիահայերի խնդիրներով զբաղվող բոլոր կազմակերպություններն ու անհատ բարերարները: Անդրադառնալով սիրիահայերի ներկա վիճակին՝ նախարարը ցավով նշեց, որ իրադրությունը Սիրիայում շարունակում է մնալ ծանր: Նա, մասնավորապես նշեց. «Սիրիական թնջուկը դեռ չի ավարտվել, այս առումով անընդհատ մեր հայրենակիցները շարժման մեջ են: Գլխավոր խնդիրներն աշխատանքային և բնակարանի խնդիրներն են: Աշխատանքները շարունակվում են»:
Օրակարգի առաջին հարցի՝ 2015 թվականին ՀՀ քաղաքացիություն և կացության կարգավիճակ ստացած սիրիահայերի մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: Շնորհավորելով նոր մասնաշենք տեղափոխվելու կապակցությամբ՝ նա արդյունավետ աշխատանք մաղթեց նախարարության աշխատակազմին: Զեկուցողը Նշեց, որ 2012-2016թթ. ՀՀ քաղաքացիության, մուտքի վիզա, բնակության կարգավիճակ է ստացել ընդհանուր առմամբ ավելի քան 16.000 սիրիահայ :
Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրեց ապաստան հայցող սիրիահայերի հետ տարվող աշխատանքները և հիմնախնդիրները: Զեկուցողը նշեց, որ քիչ թվով սիրիահայեր են դիմում ապաստան ստանալու համար մինչև այսօր ծառայությանը դիմած 980 սիրիահայից 795-ին ապաստան է տրամադրվել արագացված եղանակով:
Կարդացեք նաև
2015 թվականին կատարված և 2016 թվականին նախատեսվող ծրագրերի մասին զեկուցեց ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի իրավաբանական բաժնի ղեկավար Քեյթ Պչապսկին: Նա նշեց, որ անցյալ տարի փախստականների աննախադեպ հոսք է գրանցվել՝ մոտ 60 միլիոն մարդ: «Ինչ վերաբերում է Հայաստանին, թվերը փոքր են, բայց համեմատած բնակչության թվի հետ, դրանք տպավորիչ են: Սիրիահայերի խնդիրները լուծելու հարցում կարևոր է մեր գործընկերությունը: Պետք է ընդլայնել մեր գործակցությունը, նոր ծրագրեր իրականացնել»:
Հրանուշ Հակոբյանը հավելեց. «Այսօր սփյուռքում գումարներ հանգանակելու նպատակով շարժում է սկսվել, որպեսզի 600 և ավելի ընտանիքներին կարողանանք բնակվարձով ապահովել: Հանգանակության արդյունքում 350 հազար դոլարի կարգի գումար է հավաքվել: Դրան պետք է միանան ՄԱԿ-ի գրասենյակը և այլ միջազգային կառույցներ: Պետք է միջազգային կազմակերպությունները լրջորեն օգնեն մեր հայրենակիցներին»:
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Լենա Հալաճյանը ներկայացրեց 2015 թվականին կատարված աշխատանքները և 2016 թվականին նախատեսվող ծրագրերը:
Սիրիահայերի բուժօգնության կազմակերպման հարցում առկա հիմնախնդիրների մասին զեկուցեց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:
Ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հորդորեց սիրիահայերի խնդիրներով զբաղվող բոլոր կազմակերպություններին՝ հաշվի առնել մեր հայրենակիցների՝ Հայրենիքում հաստատվելու գերակա առաջնային խնդիրները և նոր միայն անդրադառնալ փոքր հարցերի լուծմանը: Նա արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող բոլոր կառույցներին ու կազմակերպություններին: «Բոլոր հարցերը, որ կապված են սիրիահայերի հետ, պետք է լինեն առաջնային», – շեշտեց նախարարը:
ՀՀ սփյուռքի նախարարություն