Լրահոս
Օրվա լրահոսը

Հառիճի գյուղապետի արտառոց խնդրանքը՝ Շիրակի նորանշանակ մարզպետին. (Տեսանյութ)

Մարտ 24,2016 19:20

Այսօր Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը փոխմարզպետների ու մարզպետարանի մի քանի վարչության պետերի հետ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Արթիկի քաղաքապետարանում, որին մասնակցում էին այս տարածաշրջանի 26 գյուղապետերը:

IMG_2575

 

Մոտ 2,5 ժամ տեւած խորհրդակցության ընթացքում մարզպետը լսեց գյուղապետերից յուրաքանչյուրին, որոնք ներկայացնում էին իրենց գյուղերի հիմնախնդիրները: Իսկ դրանք բավական շատ էին ու մտահոգող. գյուղապետերին հուզում էր թե՛ քարուքանդ ճանապարհների, թե՛ քլորից զուրկ ջրի, թե՛ պետական դոտացիայի կրճատման հարցը, մանկապարտեզների, գյուղապետարանի շենքերի անմխիթար վիճակը: Այս հարցերի ֆոնին փոքր-ինչ արտառոց թվաց Հառիճի գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանի խնդրանքը: Գյուղապետը իր խոսքը սկսեց այսպես. «Հառիճը պատմամշակութային կենտրոն է, հենց դրսից հյուրեր են գալիս, անմիջապես բերում եք Հառիճ, բայց եկեղեցու տարածքում այդ զբոսաշրջիկների համար մի զուգարան չկա»:

Նստած գյուղապետերը վրա տվեցին, թե չկա, սարքի: Ռոլանդ Նազարեթյանն ասաց. «Ո՞վ է թույլատրում, որ սարքեմ, եկեղեցու տարածքում զուգարանն արգելվում է: Խնդրում եմ, պարոն մարզպետ, զուգարանի հարցը լուծեք»: Գյուղապետերը սկսեցին ծիծաղել, որին ի պատասխան Շիրակի մարզպետը կատակեց, թե դուք էլ, որ մեծանաք, կհասկանաք ինչ է ասում Հառիճի գյուղապետը:Մարզպետը խոստացավ խոսել տեղապահի հետ այս թեմայով, համոզել, որ թույլ տան տուրիստների համար պայմաններ ստեղծել:

Ի դեպ, խոսք ընկավ նաեւ Արթիկի հիվանդանոցից, Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը մարզպետին առաջարկեց բարձրաձայնել հիվանդանոցի հիմնանորոգման հարցը, որը կարժենա մոտ 200 միլիոն դրամ: Վարչության պետը շեշտեց, որ այս հիվանդանոցը Գյումրի բժշկական կենտրոնից հետո երկրորդն է, այստեղ լապորոսկոպիկ բարդ վիրահատություններ են կատարվում ու այս պայմաններում աշխատելը ուղղակի հերոսություն է: Հովսեփ Սիմոնյանը խնդիրը լսեց, սակայն չհամաձայնեց Հովհաննես Հովհաննիսյանի այն մտքի հետ, թե այստեղ աշխատող բժիշկները հերոսներ են: Թե ինչու համաձայն չէ, մարզպետը առաջարկեց այդ թեմայով առանձին խոսել:

Շիրակի մարզի գյուղապետերի բարձրաձայնած խնդիրների մասին ընթերցեք  «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարներից մեկում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031