Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Ոտնլվայի խորհրդավոր արարողությունը:
Արարողությունն սկսվեց միասնական Տերունական աղոթքով: Այնուհետև Մայր Աթոռի միաբանների կողմից կարդացվեցին օրվա խորհրդին վերաբերող սուրբգրային հատվածները: Ընթերցվեց նաև Հովհաննես Պլուզ վարդապետի կողմից շարադրված «Սիրո մասին» խրատը:
Ապա` Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը, որից հետո Նորին Սրբությունը, Աստվածորդու օրինակով ծունկի գալով, հոգեպարար շարականների երգեցողության ներքո լվաց ու յուղով օծեց տասներկու անձանց ոտքերը:
Կարդացեք նաև
Նրանց թվում էին Մայր Աթոռի միաբաններ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սան Հարություն սարկավագ Քեշիշյանը, զինվորներ Սամվել Մինասյանն ու Հրաչ Չոբանյանը, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներ Վահագն Գրիգորյանը և Հովհաննես Մուրադյանը, Մայր Աթոռի «Էօռնեկեան» և այլ հանրակրթական դպրոցների աշակերտներ Դավիթ Սարգսյանը, Բայանդուր Հարությունյանը, Ռուբեն Թադևոսյանը, Մելիք Կոնդյանը և Մելիք Մելիքյանը:
Վերջում օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին:
Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի