Մարտի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Արգո Ավակովին՝ հավատարմագրման նամակի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպան Ավակովին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան առաքելության իրականացման գործում և նշեց, որ արտգործնախարարությունը կշարունակի ամենայն աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատանքներին:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը հավաստիացրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ Հայաստանում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը պահպանելու և բարձրացնելու, ՀՀ իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ հաստատված փոխգործակցությունն ամրապնդելու համար:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ ԵԱՀԿ-Հայաստան հարաբերությունները միշտ աչքի են ընկել բազմաբովանդակությամբ և իրենց մեջ ներառում են ՀՀ ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ գործունեության բոլոր երեք հարթություններում: Էդվարդ Նալբանդյանը կարևորեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը` նշելով, որ այն տարածաշրջանում միակ ամբողջ ծավալով գործող ԵԱՀԿ ներկայացուցչությունն է:
Կարդացեք նաև
Էդվարդ Նալբանդյանը և Արգո Ավակովը քննարկեցին Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացը, ԵԱՀԿ գրասենյակի օժանդակությամբ իրականացվող ծրագրերը:
ՀՀ ԱԳՆ