Լրահոս
Օրվա լրահոսը

Տարբեր կառույցներից ստացվող անցանկալի նամակների հարցը կարող է կարգավորվել այս տարի

Մարտ 24,2016 17:38

«Հոկտեմբերի 9-ից մինչեւ հիմա մենք հարուցել ենք 4 վարչական վարույթ, որոնցից երկուսն ավարտված են։ Երկու խորհրդատվական որոշում ենք տվել։ Մեկն արդեն հրապարակել ենք, երեխաների անձնական տվյալների պաշտպանությանն էր վերաբերվում որպես ամենախոցելի թեմա։ Իսկ մյուսը վերաբերվում է մի հարցի, որին բոլորս ենք առնչվում»,- Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հրավիրած «Լրադադար» ակումբի «Անձնական տվյալների հրապարակումը մեդիայում» թեմայով քննարկման ընթացքում ասաց Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը։

Նա նշեց, որ այդ դեպքը վերաբերվում է անձնական հեռախոսահամարները գովազդային նպատակներով օգտագործելուն. «Այսօր արդեն մեր այդ խորհրդատվական որոշումը պետք է հրապարակենք, որով մեր դիրքորոշումն ենք հայտնում, Եվրամիության դիրեկտիվներն ենք ներկայացնում, թե ինչպիսի կարգավորումներ կան Եվրամիությունում, մեզ մոտ ինչ կարգավորումներ կան եւ այլն»։

Որպես օրինակ Շուշան Դոյդոյանն առանձնացրեց Xopan.am-ից ստացված հաղորդագրությունները. «Այնտեղ ասվում էր, որ եթե դուք գործազուրկ եք, եկեք Վլադիկավկազ, մեքենայի վերանորոգման գործով զբաղվեք եւ այլն։ Եթե դուք որեւէ կառույցում չեք գրանցել ձեր տվյալները, որ ցանկանում եք հաղորդագրություն ստանալ, դա խախտում է»։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետը տեղեկացրեց, որ նման դեպքերի մեղավորները բջջային ծառայություն մատուցող օպերատորներն են. «Բայց կա մի շատ մեծ տոկոս, որոնց հայտնաբերելը շատ դժվար է։ Օրինակ` նույն Xopan.am-ում գրված որեւէ տվյալ այսօր հասանելի չէ։ Հեռախոսն անջատված է, կայքի հասցեն էլ, երբ հավաքում ես, ինչ-որ ռուսական կայքի վրա է գցում։ Կայքն արդեն արգելափակված է, ամենայն հավանականությամբ բարձրացված աղմուկից»։

Գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գեւորգ Հայրապետյանն էլ նշեց, որ հիմնականում նման բովանդակությամբ նամակների հեղինակներին հնարավոր է լինում գտնել հետադարձ զանգ կատարելու միջոցով. «Հետադարձ զանգ կատարելու դեպքում թվերն են գրվում, հեռախոսի համարն է երեւում ու պարզ է դառնում, թե ով է օպերատորը։ Xopan-ի դեպքում հետ է գնում դեպի Xopan.am։ Թիվ չկա, որ իմանանք ումից ստանանք պահանջը»։

Շուշան Դոյդոյանն ասաց, որ այս տարվա ընթացքում ցանկանում են որոշակի քայլեր ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար. «Օպերատորին ասում ենք, որ իրենց կնքած պայմանագրերում կետ ես ավելացնում, որ բաժանորդը նշի, թե ուզում է արդյոք նման բովանդակությամբ հաղորդագրություններ ստանալ։ Եթե բաժանորդն ասի, որ չի ուզում, նա այլեւս չի ստանա»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031