Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում Հայաստանի ազգային գրադարանը կազմակերպել էր ֆրանսիացի մեծանուն գրող, երաժշտագետ, հասարակական գործիչ Ռոմեն Ռոլանի ծննդյան 150- ամյակին նվիրված միջոցառում, գրականության ցուցադրություն:
Միջոցառման բանախոսը Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ասպիրանտ Լուսինե Աբգարյանն էր, որը ներկայացրեց գրողի ստեղծագործական կյանքը և առաջին անգամ չի մասնակցում Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կատարվող միջոցառումներին. «Ես Ռոլան կարդացել եմ ավելի պատանի տարիքում: Կարծում եմ` նա այն գրողներից չէ, որ կարող է հոգեբանական շատ հզոր ազդեցություն թողնել, բայց հրաշալի գրող է ու ունի բազում հետաքրքիր ստեղծագործություններ. ես նրան հավանում եմ որպես մեծ գրող, բայց կարծում եմ` Ռոմեն Ռոլան այսօր քչերն են կարդում»:
Լուսինեն կարծում է, որ այսօր նման միջոցառումներում միշտ ներկա է լինում նույն լսարանը. «Հասարակությունն այսօր հետաքրքրված չէ նման գրական միջոցառումներով, բայց հույս ունենանք, որ Ֆրանկոֆոնիայի միջոցառումները կնպաստեն որոշակի կերպով: Ամենից շատ աշխատանք պետք է կատարեն և մեծ ուշադրություն դարձնեն դպրոցները: Ճանաչումն ու սերը դեպի գրականություն, դեպի գրողը պետք է սկսվի դպրոցից»:
Կարդացեք նաև
Ի հակադրում Լուսինեի կարծիքին` Ազգային գրադարանի հանրության հետ կապերի, միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Անահիտ Մանուչարյանը վստահեցրեց, որ տարեցտարի երիտասարդների, աշակերտների աճ է նկատվում Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին. «Ես որպես կազմակերպիչ կարող եմ ասել, որ ոգևորություն, առաջընթաց եմ տեսնում, քանի որ երբ միջոցառումների համար դիմում ենք դպրոցներին, իրենք մեծ սիրով համաձայնվում են մասնակցել. անգամ պատմում են, որ դպրոցների ներսում էլ են միջոցառումներ կազմակերպվում: Արվեստագետներին սովորաբար ընտրում ենք ըստ հիշարժան տարեթվերի, հետո արդեն ընդգրկում ենք այլ արվեստի և գրականության մարդկանց, ում հայ երիտասարդը, երեխան, ինչու չէ նաև մեծահասակը չեն ճանաչում, ծանոթ չեն գործունեությանը»:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ