Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Հայաստանի» իշխանափոխության ճանապարհային քարտեզին դեռ ծանոթ չեն

Մարտ 24,2016 16:49

«Արդեն հրապարակվե՞լ է: Տեղյակ չէի: Չեմ ծանոթացել: Երբ ծանոթանանք, քննարկենք, որոշում կայացնենք՝ կտեղեկացնենք»,- սա «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանի արձագանքն է մեր հարցին`ի՞նչ կարծիք ունի «Նոր Հայաստան» հանրային ճակատի`երեկ հրապարակած իշխանափոխության ճանապարհային քարտեզի մասին:

Ashot_Manucharyan

Ճանապարհային քարտեզը երեք կետ է նախատեսում` հեռացնել վարչախմբին, անցումային կառավարում իրականացնել, արտահերթ ընտրություններ անցկացնել: Առաջին`վարչախմբին հեռացնելը «Նոր Հայաստանում» այսպես են պատկերացնում` քաղաքական եւ հասարակական ուժերը միավորվում են, ապա՝ ներգրավում ժողովրդական լայն զանգվածներին, հետո արդեն, արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով, ժողովուրդը վերջնագիր է ներկայացնում «ռեժիմի պարագլուխներին»:

Քարտեզի իրականացման ճամնապարհին նախատեսվում են նաեւ քաղաքացիական անհնազանդության միջոցներ՝ վարչական շենքերի շրջափակում, ճանապարհների ու փողոցների փակում: «Նոր Հայաստան»-ը ծրագրում է Սահմանադրական դատարանի միջոցով արգելել նաեւ իշխող ՀՀԿ-ի գործունեությունը:

Մի քանի օր առաջ «Նոր Հայաստան»-ի ղեկավարներից Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ համազգային մոբիլիզացիայի երրորդ փորձն են անելու: Բանակցություններ են սկսելու Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած ՀԺԿ-ի, ՀԱԿ-ի, «Քաղաքացիական պայմանագրի», Աշոտ Մանուչարյանի, ԱԻՄ-ի, «Նոր ժամանակներ» կուսակցության մի քանի այլ գործիչների, քաղաքացիական հատվածի հայտնի եւ ոչ հայտնի անձնավորությունների հետ:

Aram_Karapetyan

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր հետ նման հարցով դեռ ոչ ոք չի բանակցել, ինքն էլ հրապարակված ճանապարհային քարտեզից տեղյակ չէ: Նա դեռ Մոսկվայում է, Երեւան կվերադառնա մոտ օրերս:

Paruyr_Hayrikyan

Հայաստանում չէ նաեւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նա Հայաստանում կլինի երկու շաբաթից: Իր կուսակիցները եւս տեղյակ չէին «Նոր Հայաստանի» հրապարակած գործողությունների պլանից: Այս առիթով Պարույր Հայրիկյանին հարցեր ենք ուղղել էլեկտրոնային տարբերակով: Մեկ-երկու օրվա ընթացքում, հուսով ենք՝ պատասխանները կստանանք:

Nikol_Pashinyan

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ վարչությունը կքննարկի ներկայացված ճանապարհային քարտեզը, համապատասխան արձագանք կտա, բայց ինքը, անձամբ ծանոթանալով փաստաթղթին, «նոր բաղադրիչ» այնտեղ չի գտել: Ըստ Փաշինյանի, ճանապարհային քարտեզում նկարագրված է այն, ինչի մասին Հայաստանի ընդդիմությունը հայտարարում է 20 տարի շարունակ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ինչ ա եղել… դուք հելե մէյ մը իրենց հետեւեցէք,
    յետոյ, ճամբի ընթացքին, ձեզ կը բացատրեն

    պէտք է նաեւ զգուշանալ, սկզբից չյայտնել ամէն բան, որպէսզի թշնամին յանկարծ չօգտվի տեղեկութիւնից, խուճապի մէջ գտնվող դաժան հակառակորդը չկանխէ գալիք, ճակատագրական հարվածները

    ամէն դէպքում,
    ահա թէ ուր է տանում – նորէն – այդ քարտեզն ու ճանապարհը՝
    https://www.youtube.com/watch?v=K49NaFf6i_E

    (իսկ վերջին պահին,
    ամէն մարդու համար բաւարար թիւով պարաններ չկան…)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031