Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում այսօր բացվեց բուհի գրաֆիկայի բաժնի 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողների «Էստամպ» խորագրով գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:
Սյուզաննա Հակոբյանը(լուսանկարում) ներկայացրել է գրաֆիկական տեխնիկայով` ասեղով եւ օֆորտով(մետաղի վրա փորագրության տեսակ) արված նկարներ, որոնք տպագրության տեսակներ են. «Չոր ասեղը համարվում է խորը տպագրություն. ասեղով խազում ենք թիթեղի վրա, իսկ գծերը քայքայում քիմիական նյութով` լաբորատոր պայմաններում: Այդ գործողությունն արվում է հատուկ տեխնիկաներով»,-Aravot.am-ին պատմեց Սյուզաննան:
Նա միշտ հետաքրքրվել է տպագրությամբ եւ հատկապես գրքի «ճակատագրով». «Ինչպես ամեն մարդ, գիրքը նույնպես ունի իր ճակատագիրը: Արվեստագետն էլ գրքի մի մասն է կազմում, քանի որ նկարազարդում է այն: Ուսումս ավարտելուց հետո զբաղվելու եմ գրքի ձեւավորմամբ»:
Կարդացեք նաև
Գեղարվեստի ակադեմիայի Գրաֆիկայի ամբիոնի պրոֆեսոր Աբրահամ Սահակյանի բնորոշմամբ` այն, ինչ չես կարող անել մատիտով, հնարավոր է կատարել փորագրությամբ. «Դրանով էլ առանձնանում են այս գրաֆիկական աշխատանքները: Բացի թիթեղից, կարելի է փորագրել նաեւ լինոլիումի վրա»:
Պրոֆեսորը տեղեկացրեց, որ ամբիոնի ուսանողները պարբերաբար մասնակցում են ցուցահանդեսների, իսկ ավարտելուց հետո աշխատում մասնագիտությամբ. «Այս ամենն ամսագրերի, գրքերի տպագրության հետ է առնչվում, իսկ մենք պատրաստում են պրոֆեսիոնալ պոլիգրաֆիստների»:
Աբրահամ Սահակյանի գնահատմամբ` Գեղարվեստի ակադեմիայի հանդեպ դիմորդների հետաքրքրությունը մեծ է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ