Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «Հրապարակել ցուցակ, նշանակում է հրապարակել անձնական տվյալներ»

Մարտ 24,2016 15:25

«Եթե կարողանանք թափանցիկ դարձնել, էապես լուծված կլինի հասարակության վստահությունը»,- մարտի 24-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Ըստ նրա, վստահության ապահովման համար մեկ երաշխիքը՝ բացառել կամ հնարավորինս նվազեցնել կրկնաքվեարկությունը, որը բոլորն են պնդում՝ տարաձայնություն չկա: Սակայն տարաձայնություններ կան առաջարկվող մեխանիզմների մեջ: Օրինակ՝ ընդդիմությունը պահանջում է մատերը թանաքոտել եւ արդյունքների ամփոփումից հետո հրապարակայնացնել ընտրության մասնակցության ցուցակները:

«Առաջին հայացքից թվում է՝ շատ պարզ, հասկանալի, ոչ վիճահարույց պնդումներ, ընդ որում` հղում են կատարում նաեւ միջազգային փորձի վրա: Մենք էլ, երբ փորձում ենք այս հարցադրումները մեկնաբանել, նույնպես հղում ենք կատարում միջազգային փորձի վրա: Այսինքն՝ մենք չենք մերժում, որ հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի որեւիցե մեկը մեկ ուրիշի փոխարեն չքվեարկի, եւ երկրորդ անգամ ինքը չհայտնվի ընտրական տեղամասում, մենք սա չենք մերժում: Մենք ասում ենք՝ արդյոք մատները թանաքոտելը իսպառ բացառո՞ւմ է այս հնարավորությունը: Կա տեսանելի թանաք եւ անտեսանելի թանաք: Տեսանելի թանաքի պարագայում որեւէ մեկը ինձ չի կարող համոզել, որ ես չեմ մտնի քվեարկի, դուրս գալուց հետո մաքրեմ, նորից գամ քվեարկության, ու շատ դժվար կլինի ինձ վերահսկել: Սա շատ պարզ է, ենթադրել, որ դա բացառել է պետք, թույլ տվեք չհամաձայնել: Շատ-շատերը նույնիսկ դեմ կլինեն, որ իրենց մատները թանաքոտեն: Արեւելյան Եվրոպայի երկրները, որոնք գնացել են այս ճանապարհով հայտնվեցին այս խնդրի առաջ:

Անտեսանելի թանաք. նշանակում է՝ կա մի լուծույթ, որով քսում ես մատին, եւ այնուհետեւ հատուկ ուլտրամանուշակագույն ճառագայթներով տեսանելի ես դարձնում այդ լուծույթի արտացոլումը: Դրա համար համապատասխան հանձնաժողովի համապատասխան անդամը պետք է զինվի համապատասխան լապտերով եւ ուղղակի սքան անի: Բայց ինչ ցույց տվեց Վրաստանի փորձը, ինչ ցույց տվեց Արեւելյան Եվրոպայի երկրների փորձը, որոնք արել են սա: Նախ շատ դժվար է պարզել, թե հանձնաժողովի անդամը սեղմում է կոճակը, եւ երկրորդը՝ վերջին հաշվով, ինչպես ցույց է տալիս փորձը, կարող է քսվել բռնակին, դուք մտնում եք տեղամաս եւ ձեր մատներից մեկի վրա հայտնվում է նիտրին, եւ դուք համարվում եք քվեարկած»,- ասաց նա:

Խոսրով Հարությունյանը, անդրադառնալով ցուցակների հրապարակայնացմանը, ասաց, որ դա կարելի կլիներ անել այն դեպքում, երբ չլիներ համակարգ, որը էապես նվազեցնում է կրկնաքվեարկության հնարավորությունը: Նա համոզմունք հայտնեց, որ այն քաղաքացիները, որոնք չեն մասնակցել քվեարկությանը, պարզապես հետաքրքրություն չեն ցուցաբերել, հետեւաբար՝ կասկածի տակ է դնում, որ բոլորը կգնան ընտրատեղամասեր՝ տեսնելու՝ արդյոք իրենց փոխարեն ինչ-որ մեկը քվեարկե՞լ է, թե՞ ոչ:

«Հրապարակել ցուցակ, նշանակում է հրապարակել անձնական տվյալներ, օրինակ՝ անձնագրի համար, օրինակ՝ ստորագրություն: Ես չեմ ցանկանա, որ իմ անձնագրի համարը եւ ստորագրությունը այսօրվա տեխնոլոգիական հանցագործությունների ժամանակաշրջանում ժամերով կախված լինի: Կարծում եմ՝ շատ-շատերը կլինեն այդպես մտածող»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031