Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տուբերկուլոզով հիվանդին հարկադիր չեն տանում, համոզում ու բացատրում են, որ պետք է բուժվի (Տեսանյութ)

Մարտ 24,2016 15:21

Aravot.am-ը առողջապահության նախարարության տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Հայրապետյանին հարցրեց, թե ինչպե՞ս են վարվում տուբերկուլոզով հիվանդ այն քաղաքացիների հետ, որոնք հրաժարվում են բուժում ստանալ եւ քանի որ տուբերկուլոզը օդակաթիլային ճանապարհով է վարակը տարածում, վտանգ են ներկայացնում շրջապատի համար: Նշենք, որ նման պարագայում օրենքն արգելում է մարդուն հարկադիր բուժման տանելը` դիտելով որպես մարդու իրավունքների խախտում:

Պարոն Հայրապետյանն ասաց, որ այսօր արդեն գրեթե չկա մի քաղաքացի, որը հրաժարվում է բուժվելուց: Իսկ հրաժարվելու միտք ունեցող հիվանդների հետ, ըստ կենտրոնի տնօրենի, հոգեբանը, մասնագետները բացատրական աշխատանքներ են տանում:

Մանրամասները` տեսանյութում

Հայաստանում 2015 թվականին տուբերկուլոզ հիվանդությունից մահացել է 42 մարդ:
31 երեխա էլ վարակված է եղել:

Արմեն Հայրապետյանը վստահեցրեց, որ տուբերկուլոզի հիմնական ցուցանիշների բարելավում է արձանագրվել. անցյալ տարվա տվյալներով, 100 հազար բնակչի հաշվով կազմել է 28,8, ինչը 2,5 անգամ ցածր է 2006 թվականի ցուցանիշից: 2009-ին այդ ցուցանիշը եղել է 45,5, 2011-ին` 38,2, 2013-ին` 36,6: Բազմադեղակայուն տուբերկուլոզի ցուցանիշը եւս նվազել է:

Տուբերկուլոզի դեմ պայքարի օրը, որն աշխարհը նշում է մարտի 24-ին, ՀՀ կառավարությունը հաստատել է տուբերկուլոզի կառավարման 2016-2020 թվականի նոր ծրագիրը: Կենտրոնի տնօրենն ասաց, որ ծրագրի անվան փոփոխությունը պայմանավորված է այլեւ տուբերկուլոզի կառավարելի լինելով:

Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանի խոսքերով, տուբերկուլոզի ծառայությունն անվճար է: Եվ ամենակարեւոր նպատակներից մեկն, ըստ պարոն Պողոսյանի, մոր եւ մանկան մահացության ցուցանիշներում բարելավում ունենալն է:

Տարեկան հիվանդության բուժման համար պահանջվում է 3,5-ից 4 միլիոն դոլար:
Բացի դոնոր կազմակերպություններից գումար է տրամադրվում նաեւ պետական բյուջեից:

Մարզերում տուբերկուլոզի տարածվածությունը գրեթե հավասար է, բայց Արմեն Հայրապետյանն ասաց, որ հիվանդության առումով առաջատարը Երեւանն է, Արմավիրը, Շիրակի մարզը, ապա`Կոտայքը: Երեւանում հիվանդների թիվը մեծ է, քանի որ երկրի բնակչության գրեթե կեսը մայրաքաղաքում է ապրում: Տուբերկուլոզի տարածվածությանը մեր երկրում, նաեւ «նպաստում» է միգրացիան:

Պատահում է, երբ մարդը արտագնա աշխատանքի մեկնելու նպատակով բուժումը կիսատ է թողնում եւ, ինչպես պարոն Հայրապետյանն է ասում, վերադառնում է ավելի բարդացած վիճակում:

Քրեակատարողական համակարգում այս պահի դրությամբ 22 մարդ տուբերկուլոզով հիվանդ է, որոնք բուժում են ստանում քրեակատարողականի առանձին բաժանմունքներում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Գայանե Ղուկասյանն ասաց, որ ԱՀԿ-ն մտադիր է մինչեւ 2030 թվականը տուբերկուլոզը վերացնել: Տիկին Ղուկասյանը նաեւ ասաց, որ Հայաստանը այն երկրների շարքում է, որոնք բարեհաջող իրականացնում են տուբերկուլոզի դեմ պայքարի ծրագիրը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031