Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի մրցանակի հավակնորդները` օպերային արվեստի անկման եւ երկրից հեռանալու մասին (ֆոտոշարք)

Մարտ 24,2016 14:47

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ընթանում է դասական երաժշտության բնագավառում «Երգեցողություն» անվանակարգում ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի հավակնորդների առաջին` ընտրական փուլը: «Հիանալի երգիչներ են մասնակիցները, նոր ձայներ են բացահայտվում»,- Aravot.am-ին ասաց թանգարան-ինստիտուտի երաժշտական բաժնի ղեկավար Հասմիկ Բաղդասարյանը:

Նրա փոխանցմամբ` մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մարտի 29-ին` Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում:

Մրցույթի մասնակիցներից Գոհար Բադալյանը Մոսկվայի երաժշտական քոլեջում սովորելուց հետո եկել է Երեւան` Կոնսերվատորիայում բարձրագույն կրթություն ստանալու. «Չէի մտածում, որ հայրենիք կգամ: Որոշմանս մեջ դեր խաղաց կնքահայրս: Նա ասաց, որ մասնագիտական գործունեությունս պետք է սկսեմ Հայաստանում, ոչինչ, որ հետագայում ցանկանամ արտերկիր գնալ: Ես լսեցի նրան եւ չեմ փոշմանել»,-Aravot.am-ին պատմեց նա:

Գոհարի խոսքով` մեր երկրում երիտասարդ մենակատարները դրսեւորվելու խնդիր ունեն, որովհետեւ Օպերային թատրոնը մեկն է. «Եթե մի քանի օպերային թատրոններ լինեին, կարծում եմ, մեր տաղանդավոր օպերային երգիչները չէին գնա ուրիշ երկրում կայանալու: Այստեղ պարզապես հնարավորություններն են քիչ»:

FILE8196 FILE8197 FILE8199 FILE8200

Երգչուհին տեղեկացրեց, որ դաշնակահար Լեւոն Ջավադյանի ստեղծած երիտասարդ մենակատարների խմբում է հանդես գալիս, առաջիկայում կներկայանան համերգներով: Գոհար Բադալյանը Մոսկվայում եւս մասնակցել է մրցույթների եւ փառատոնների. «Մոսկվայում շատ են համերգասրահները, շատ ելույթներ եմ ունեցել, այդ թվում` բարեգործական համերգներին»:

Տիգրան Օհանյանը եւս Կոնսերվատորիայի ուսանող է եւ Լեւոն Ջավադյանի երիտասարդ օպերային մեներգիչների ծրագրի մասնակից: Նրա դիտարկմամբ` մրցույթը երգչի համար զարգանալու հնարավորություն է. «Սխալ է, երբ մասնակիցը մտածում է մրցույթի մասնակցել` հաղթելու նպատակով: Պարզապես պետք է փորձել լավ երգել, գումարն ու մրցանակը չպետք է հետաքրքրեն»:

Տիգրանը 2015թ.-ին Ռիգայում մասնակցել է միջազգային մրցույթի. «80 մասնակիցների թվում հայ կատարողներն 9-նն էին: Եզրափակիչ անցանք ես եւ Հայկ Տիգրանյանը: Նա գրավեց 3-րդ տեղը, ես ստացա հատուկ մրցանակ»: Տիգրանն անկեղծացավ, որ առաջիկա տարում չի ցանկանում հեռանալ Հայաստանից. ուժերը կփորձի Օպերային թատրոնում, իսկ հետո գուցե մեկնի Եվրոպա. «Այսօր մեր երկրում մարդիկ այդքան չեն կարեւորում օպերան, ինչը ցավալի է: Շատ երգիչներ են գնացել, օպերան անկում է ապրում: Ցավոք, երեկ մահացավ այն մարդկանցից մեկը, որը փորձում էր օպերան ծաղկեցնել: Ի դեպ, այսօր ես կատարեցի այն ծրագիրը, որը միշտ կատարել է Գեղամ Գրիգորյանը»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031