«Այն, ինչ այսօր մենք դիտարկում ենք Գերմանիայում, դա հասարակության աճող բեւեռականացումն է երկու տարբեր ճամբարների միջեւ։ Մի կողմից այն մարդիկ են, որոնք աջակցում են Անգելա Մերկելին եւ մյուսները, որոնք քննադատաբար են տրամադրված միգրացիայի հետ կապված այս ճնշումների եւ այս հարկադրական իրավիճակի հետ եւ նույնիսկ մերժում են փախստականների ընդունումը»,- «Մեդիա կենտրոնում» միգրացիայի վերաբերյալ քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիա Քիսլերը։
Նա ասաց, որ ցուցիչներից մեկը երկու շաբաթ առաջ երեք նահանգներում տեղի ունեցած ընտրություններն էին. «Երկրամասերից մեկում՝ Սաքսոնիա Անհալդում, աջ պոպուլիստական կուսակցությունը, որը մերժում է միգրացիան եւ փախստականների մեծ ներհոսքը, ստացավ ձայների 20%-ը եւ դրանով իսկ դարձավ երկրորդ մեծությամբ խմբակցությունը։ Դա շատ մտահոգիչ է»։
Մաթիա Քիսլերը նշեց, որ անցած տարվա ընթացքում Գերմանիան ստացել է 442.000 ապաստանի հայց. «Դրանց մեծամասնությունը տրվել է Սիրիայից ժամանած փախստականների կողմից. 160.000 հոգի։ Սակայն Գերմանիա ժամանածների ընդհանուր թվաքանակը շատ ավելի մեծ է։ Նրանք կազմում են 1.1 միլիոն մարդ։ Նրանցից Սիրիայից ժամանածները կազմում են մոտավորապես 440.000-ը։ Խոսքը գնում է այն մարդկանց մասին, որոնց ապաստանի հայտերի մեծ մասը դեռեւս չի քննարկվել»։
Դեսպանը նաեւ ասաց, որ այս թեման ոչ միայն գերմանական է, այլեւ՝ համաեվրոպական. «Վերջին ժամանակահատվածում փակվել են փախստականների արեւմտյան, բալկանյան ճանապարհները կամ, ավելի ճիշտ, դժվարացել փախստականների անցման հնարավորությունը։ Գերմանիա ժամանող փախստականների քանակի զգալի կրճատում է գրանցվել։ Եթե դեկտեմբերին ունեցել ենք 127.000 փախստական, հունվարին այդ թիվը կազմել է 91.000, իսկ փետրվարին՝ 61.000։ Սակայն այս թվերը զգալիորեն զիջում են անցած տարվա ցուցանիշներին»։
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի