Այս պահին Կոնդի բնակիչները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ: Նրանք փորձեցին կառավարության շենքին հարող Տիգրան Մեծ փողոցը փակել: Ակցիայի մասնակիցները երբ հայտարարեցին, որ գնում են փողոցը փակելու, ոստիկանները պատ կազմեցին՝ կանխելով կոնդեցիների փողոց փակելու մտադրությունը:
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը անընդհատ փորձում էր շրջանցել ոստիկաններին ու հասնել իր նպատակին, բայց ոստիկանները փողոցի մեջտեղից նրան բռնեցին եւ հետ բերեցին դեպի մայթ:
Կոնդեցիներն ասում են, որ ստիպված դիմելու են ծայրահեղ քայլերի: Նրանց պատմելով՝ երկու շաբաթ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նրանց վստահեցրել է, որ իրացման գոտու բնակիչների խնդիրներով զբաղվող Հայկ Դավթյանին հրամայել է հանդիպել իրենց հետ եւ զբաղվել նրանց խնդիրներով:
Կարդացեք նաև
Մեզ հետ զրույցում կոնդեցիներն ասացին՝«Հայկ Դավթյանը Սերժ Սարգսյանի հրամանը չի կատարել՝ ոչ մեզ հետ հանդիպել է, ոչ էլ խնդրին անդրադառնում է»:
Կոնդեցիների պատմելով՝ արդեն 8 տարի է իրացման գոտու մոտ 220 ընտանիք անտուն է: Կառուցապատողի հետ կնքած պայմանագրով պետք է բնակիչներին հենց տեղում բնակարաններ հատկացնեին, մինչդեռ տարիներ առաջ կառուցապատողը, ինչպես ասացին կոնդեցիները՝ անհետացավ, իրենք էլ հայտնվեցին դրսում:
Թեեւ որպես փոխհատուցում վարձով բնակարանների գումարը հատկացվում է, կոնդեցիներն ասում են, որ իրենց ոչ թե բնակարանի վարձն է հարկավոր, այլ բնակարան: «Մենք տուն ենք ուզում: Ամեն անգամ մեր դիմումներին չեն պատասխանում, հոգնել ենք արդեն: Էս երկրում մենք ստրուկի կարգավիճակում ենք: Մատների վրա մեզ խաղացնում են, մարդու տեղ չեն դնում: Բավական է»,- վրդովված ասացին ցուցարարները:
Մանրամասն` տեսանյութում
Այս պահին կոնդեցիները կառավարության շենքի մոտ պահանջում են վարչապետի հետ հանդիպում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ