Մարտի 24-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը, որտեղ պատգամավորական հայտարարությունների ժամին «Ազգային վերածնունդ» կուսակցության պատգամավոր Հայկ Խանումյանը անդրադարձել է հանրային հեռուստատեսության որակին և վարվող քաղաքականությանը՝ բազմակարծության պակասի մեջ մեղադրելով նախագահ Բակո Սահակյանին:
Ստորև ելույթն ամբողջությամբ՝
«Հարգելի՛ ներկաներ,
Մենք ամեն օր տարբեր մակարդակներով հայտարարում ենք, որ բազմակարծությունը մեզ համար կարևոր արժեք է: Բազմակարծությունը կա, սակայն այդ կարծիքները մնում են սահամանափակ ընդգրկում ունեցող տեղերում, չեն հասնում հանրությանը: Արցախի հանրային հեռուստատեսությունը, որը երկրում գոյություն ունեցող միակ հեռուստատեսությունն է, միտումնաբար չի կատարում բազմաթիվ կարծիքները հանրությանը հասցնելու իր գործառույթը:
Կարդացեք նաև
Դա ավելի ցայտուն երևում է Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանման, ինչպես նաև օրենքով նախատեսված «Խորհրդարանական ժամ» հեռուստահաղորդման ժամանակ: Ավելին ասեմ, Ստեփանակերտի մասնավոր համալսարաններից մեկի գործունեությունն ավելի շատ է լուսաբանվում Արցախի հանրայինով, քան Ազգային ժողովի աշխատանքը: Վստահ եմ, որ հանրայինում գոյություն ունի խիստ գրաքննություն, որն ի չիք է դարձնում նորմալ լուսաբանման հնարավորությունը: Վստահ եմ, որ հանրայինում կան տաղանդավոր լրագրողներ, որոնք սակայն չեն կարողանում իրենց աշխատանքը լիարժեք կատարել բրեժնևյան ժամանակների ոգով ապրող գրաքննիչների պատճառով:
Ազգային ժողովում ներկա են հինգ քաղաքական ուժ, որոնք այստեղ հայտնվել են ընտրողների վստահության շնորհիվ: Այդ նույն հասարակությունը իր հարկերով ֆինանսավորում է հանրային հեռուստատեսությունը: Բայց արի ու տես, որ այդ նույն հանրությունը չի կարողանում այս հանրամատչելի լրատվամիջոցով տեղեկանալ թե ի՞նչ կարծիք ունի իր ընտրած այս կամ այն ուժը կամ պատգամավորը քաղաքական տարբեր հարցերի կամ օրինագծերի վերաբերյալ: Ավելին, օրենքով նախատեսված «խորհրդարանական ժամ հաղորդումը հեռարձակվում է օրենքի խախտումներով, այնտեղ գրեթե չեն ներկայացվում խմբակցությունների կարծիքները:
Հանրայինի նման վիճակի համար առաջին պատասխանատուն նախագահ Բակո Սահակյանն է: Նա է նշանակել հանրային հեռուստատեսության խորհրդի անդամներին, որոնք էլ որոշում են հեռուստատեսության քաղաքականությունը: Նախագահ Սահակյանի պաշտոնավարության տարիներին, ցավոք սրտի, Արցախում այլընտրանքային ուժեղ լրատվամիջոցներ չառաջացան, ավելին, ժամանակին նոր հեռուստաընկերությունների ի հայտ գալը խոչընդոտվեց անհասկանալի պատճառներով: Ես հասկանում եմ, որ ուժային կառույցներից եկած քաղաքական գործիչը կարող է ունենալ ավտորիտար հակումներ, բայց այդ դեպքում մենք, Ազգային ժողովը ինչու՞ է հաշտվում նման հակումների հետ: Չէ՞ որ նման վերաբերմունքը նվազեցնում է Ազգային ժողովի դերը հանրության աչքերում, հեղինակազրկում պետական կարևոր այս կառույցը:
Ազգային ժողով- հանրային հեռուստատեսություն հարաբերություններում առաջին քայլը պետք է լինի խորհրդարանական ժամ հեռուստահաղորդման նորմալ և բոլոր ուժերին բավարարող ձևաչափի ստեղծումը, օրենքով նախատեսված մինիմալ հաճախականության ապահովումը:
Սրա համար կոչ եմ անում, որ մենք հասնենք պետական բյուջեի համապատասխան հոդվածների վերաբաշխմանը, երբ հանրային հեռուստատեսությանը հատկացված գումարների մի մասը կտրվի Ազգային ժողովի աշխատակազմին՝ օրենքով նախատեսված որակյալ հեռուստահաղորդում պատրաստելու ծախսերի համար: Այդ հեռուստահաղորդման պատրաստումը կարելի է պատվիրել մասնավոր ընկերություններին:
Շնորհակալություն» :
ԱԺ «Վերածնունդ» խմբակցություն
3 մարտի 2016թ.