Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Գրիգորյանի հիշատակը վառ կմնա նրա արվեստակիցների և սերունդների հուշերում

Մարտ 24,2016 12:53

Կյանքի 65-րդ տարում վախճանվեց հայ անվանի օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի և Լիտվայի հանրապետությունների ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր Գեղամ Միհրանի Գրիգորյանը:
Գեղամ Գրիգորյանն իրավամբ համարվում է 20-րդ դարի լավագույն տենորներից մեկը: Նա այն երջանիկ հայորդիներից էր, ում երգը հիացրել ու ոգեշնչել է երաժշտասեր հասարակությանը՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Գեղամ Գրիգորյանն իր ստեղծագործական ուղին սկսել է 1971 թվականից, իսկ 1975 թվականին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է երգչի դեբյուտը: Գ. Գրիգորյանը երգել է տենորի համար գրված բոլոր բարդ դերերը: Գրիգորյանական մատուցմամբ ներկայացված Սարոն, Տիրիթը, Սայաթ-Նովան, Ֆաուստն ու տասնյակ այլ կերպարներ մշտապես համարվել են հայկական օպերային արվեստի բարձրակետը:

Գ. Գրիգորյանն իր ստեղծագործական գործունեության առաջին տարիներից սկսած արդեն հայտնի անուն էր Խորհրդային Միությունում: 1980 թվականից հայազգի երգիչն աշխատել է Լիտվայի օպերային թատրոնում: 1989 թվականից նա հանդես է եկել Ռուսաստանի հեղինակավոր «Մարիինյան» թատրոնում: Գ. Գրիգորյանը ելույթներ է ունեցել աշխարհի գրեթե բոլոր խոշոր օպերային թատրոններում ու համերգասրահներում: Աշխարհահռչակ տենորի յուրաքանչյուր ելույթ մշտապես բացառիկ իրադարձություն է համարվել համաշխարհային օպերային կատարողական արվեստի բնագավառում: Իտալական թերթերից մեկը ժամանակին նրա ելույթից հետո հիացական գրել էր. «Իտալիայում հիմա այսպիսի տենոր չկա»:

Գեղամ Գրիգորյանն ունենալով հրաշալի ձայնային տվյալներ և հիանալի տիրապետելով կատարողական մշակույթին ու բեմական արվեստին` տասնամյակներ շարունակ փայլուն կերպով ներկայացրել ու հանրահռչակել է թե’ հայկական, թե’ համաշխարհային օպերային երգարվեստը: Ներկայանալով աշխարհի հեղինակավոր համերգասրահներում` Գ. Գրիգորյանն իր հարուստ երգացանկով ու տպավորիչ դերերգերով հանդիսատեսի համար նորովի է բացահայտել հայտնի ստեղծագործությունները` տաղանդաշատ երգչին իրավամբ արժանացնելով համաշխարհային ճանաչման և օպերային արվեստը գնահատողների անկեղծ հիացմունքին:

Գեղամ Գրիգորյանը հայ և դասական երաժշտարվեստին երկարամյա նվիրվածության, կերտած վառ և ինքնատիպ օպերային կերպարների շնորհիվ ընդմիշտ կմնա հայ և օտարազգի հանդիսատեսի հիշողության մեջ:

Մարտի 23-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Հանձնաժողովի որոշմամբ` Գեղամ Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 24-ին, ժամը 18:00-20:00-ն, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, վերջին հրաժեշտը` մարտի 25-ին,ժամը 11:00-14:00-ն, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում:

Կառավարական հանձնաժողով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031