Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հարցազրույց է տվել իտալական La Repubblica-ին։
Իր հարցազրույցում Մոգերինին անդրադարձել է 2016թ. մարտի 22-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին։ Մոգերինին կոպիտ սխալ է որակել Եվրոպան «մերոնց՝ քրիստոնյաների» և «նրանց՝ արաբ, մուսուլման, ահաբեկիչների» միջև բաժանելը։
Անդրադառնալով այդ թեմային` եվրոպացի պաշտոնյան ասել է. «Եթե մենք սկսենք գործածել մենք՝ եվրոպացիներս, քրիստոնյաներս և նրանք՝ արաբները, մուսուլմանները ահաբեկիչները տերմինները, միայն ջուր կլցնենք բոլոր նրանց ջրաղացին, ովքեր իրենց հռետորաբանության մեջ պնդում են, որ մեր համատեղ գոյությունն անհնար է։ Եվրոպայի հիմնական սկզբունքը միասին ապրել և արարելն է՝ անկախ ազգային պատկանելիությունից, հավատքից և մշակույթից»։
Մոգերինին ընդունել է նաև, որ ահաբեկչությունը միայն Եվրոպայի ներքին խնդիրը չէ։ Նրա խոսքերով՝ ցանկացած միջավայրում, որտեղ իշխանության վակուում է ստեղծվում, ծնվում է ահաբեկչություն։