Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ-ն չի շտապում չեզոքացնել տարադրամային ճնշումը. «Հայոց աշխարհ»

Մարտ 24,2016 12:21
KB

Չնայած արժութային շուկայում տարադրամային միջոցների ակնհայտ ավելացմանը, այնուհանդերձ Կենտրոնական բանկը առայժմ չի շտապում այդ հանգամանքն օգտագործել մի կողմից սեփական տարադրամային պահուստները համալրելու, մյուս կողմից՝ ի հայտ եկած արտարժութային ճնշումը թուլացնելու համար։

Դրա համար կարող է լինել երկու պատճառ. Կենտրոնական բանկը հակված է ամրապնդել ազգային արժույթը կամ բացասական սպասումներ ունի արժութային շուկայի առաջիկա դրսեւորումների հետ կապված։ Ֆինանսական միջավայրում առկա զարգացումները բավարար հիմք են տալիս ասելու, որ թե՛ մեկ, թե՛ մյուս գործոնով պայմանավորված՝ Կենտրոնական բանկի գործողությունները հիմնավորված չեն։

Ազգային արժույթի ամրապնդումը, առավել եւս ցածր գնաճի եւ թույլ գնաճային սպասումների պայմաններում, մեղմ ասած, արդարացված չէ։ Դրա հետեւանքով արտաքին շուկաներում մեծանում է ճնշումը հայկական ապրանքների մրցունակության վրա։ Սա խնդիր է, որի հետ արտադրողները մշտապես բախվում են, բայց այդ գործոնի ազդեցությունը առավել եւս խորացել է վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում՝ գործընկեր երկրների ազգային արժույթների թուլացման հետեւանքով։

Թեեւ վերջին օրերին դրամի արժեւորումը շատ մեծ չէ, այնուհանդերձ առկա է։ Շուկայում հայտնված տարադրամի ավելցուկը լավ հնարավորություն է որոշակի քանակությամբ արտարժույթ ներքաշելու համար։ Հատկապես որ տարեսկզբին Հայաստանում ընթացող տնտեսական գործընթացները բարենպաստ են նաեւ այլ ուղղություններից տարադրամային հոսքերի ավելացում ակնկալելու համար։

Խոսքը առաջին հերթին վերաբերում է արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում տեղի ունեցող դրական զարգացումներին։ Ներմուծման կրճատման պայմաններում ավելանում է արտահանումը, ինչը նպաստում է երկրի վճարային հաշվեկշռի բարելավմանը։

Ինչպես հայտնի է, տարեսկզբի երկու ամիսներին արտահանման ռեկորդային աճ է գրանցվել։ Այն ավելացել է 23,6 տոկոսով՝ կազմելով ավելի քան 225 մլն դոլար։ Նախորդ տարվա համեմատ այս գործոնի շնորհիվ Հայաստան է մտել լրացուցիչ 62 մլն դոլար։

Մյուս կողմից՝ ավելի քան 12 տոկոսով նվազել է ներմուծումը, ինչի հետեւանքով 41 մլն դոլարով պակաս տարադրամ է դուրս տարվել երկրից։ Եթե անցած տարվա առաջին երկու ամիսներին ներմուծումը կազմել էր 429 մլն դոլար, ապա 2016թ. նույն ժամանակահատվածում եղել է 388 միլիոնի շրջանակներում։

Ն. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031