Հիսուս Քրիստոս խաչի վրա
իր արյունը թափեց մարդկանց փրկության համար
Ավագ հինգշաբթին նշանավորվում է՝ Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքը իր աշակերտերի հետ, որը դարձավ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում: Այդ օրը, առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ` ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության խորհրդի հաստատման:
Աստվածաշնչում հիշատակվում է (Մատթ. 26.17-25, Մարկ.14.12-25, Ղուկ. 22.7-23, Հովհ.13.21-30, Կոր.11.23-25), որ Բաղարջակերաց տոնի առաջին օրը, երբ զատկի գառն են մորթում, Հիսուսը, Բեթանիայից գալով Երուսաղեմ, իր աշակերտների հետ սեղան է նստում` խորհրդանշելով իր փառքի աթոռին նստելը: Մինչ աշակերտները ուտում էին, Հիսուսն ասում է. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկն ինձ մատնելու է» (Մատթ. 26-21): Հիսուս այդ ասաց, քանի որ ցանկանում էր ճիշտ ուղու վրա բերել մատնիչին, բայց ավելի շատ տխրեցին մյուս աշակերտները: Այդ ժամանակ Հիսուսն ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց, նա՜ է ինձ մատնելու» (Մատթ. 26-23): Հուդան իր ձեռքը մտցրեց պնակի մեջ, բայց աշակերտները չնկատեցին եւ Տերն ասաց. «Մարդու Որդին կը գնայ այս աշխարհից, ինչպէս նրա մասին գրված է, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կը մատնուի մարդու Որդին: Ավելի լավ կլիներ նրա համար, եթե այդ մարդը ծնված չլիներ» (Մատթ. 26-24): Այդ ժամանակ Հուդան, որ հետո պիտի մատներ Հիսուսին, հարցրեց. «Միթէ ե՞ս եմ, Վարդապե՛տ»: Եվ Տերն ասաց` դու ասացիր (Մատթ. 26-25):
Հիսուս Քրիստոս վերնատանը վերցրեց հացը. օրհնեց, կտրեց եւ տվեց տասներկու աշակերտներին ու ասաց. «Առե՛ք, կերեք, այս է Իմ մարմինը: Ապա բաժակը վերցնելով` գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցեք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է Նոր ուխտի Իմ արյունը, որ թափվում է շատերի համար» (Մատթ. ԻԶ 17-30, Մարկ. ԺԴ 12-26, Ղուկ. ԻԲ 7-14, 21-23, Հովհ. ԺԳ 21-30):
Կարդացեք նաև
Հին ուխտում անասունին մորթելուց հետո վերցնում էին բաժակով արյունը եւ ընծայում, իսկ նոր ուխտում Տերն Իր Արյունը տվեց, որը խաչի վրա թափվեց մարդկանց փրկության համար:
Ահա, թե ինչու Պատարագը իմաստավորվում է մարդկանց փրկության համար Քրիստոսի զոհաբերությամբ` խաչվելով, Իր արյունը հեղելով եւ Հաղորդության խորհրդի հաստատումով, որը Սուրբ Սեղանի վրա օրհնված եւ պատարագված հացն ու գինին են: Դրանք Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունն են եւ հոգեւոր սնունդ` հավատացյալների համար. «Ով ուտում է Իմ Մարմինը եւ ըմպում Իմ Արյունը, հավիտենական կյանք ունի» (Հովհ. Զ 55):
Վերջին ընթրիքից հետո Հիսուս ջուրը լցրեց կոնքի մեջ, ծունկի եկավ Իր աշակերտների առջեւ ու ծառայաբար լվաց նրանց ոտքերը` սրբելով մեջքին կապված սրբիչով (Հովհ. ԺԳ 5)` հեզության ու խոնարհության օրինակ ծառայելով: «Եթե Ես` Տերս եւ Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետեւ մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձեւով անեք» (Հովհ. ԺԳ 1-20):
Սա եւս նշվում է Ավագ հինգշաբթի երեկոյան` երբ պատարագիչ քահանան Քրիստոսի օրինակով կատարում է Ոտնլվայի արարողությունը:
Հիսուս աշակերտների ոտքերը լվանում է միայն ջրով, իսկ Ոտնլվայի արարողության ընթացքում յուղի օգտագործումը խորհրդանշում է Հիսուսի ոտքերին պոռնիկ կնոջ թափած անուշահոտ յուղը (Հովհ. ԻԲ 3): Արարողությունից հետո հավատացյալներին բաժանվում է օրհնված յուղ, որը հավատացյալները գործածում են հիմնականում հիվանդությունների դեպքում կամ խառնում տանն ունեցած յուղին:
Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է նաեւ մի արարողություն, որը կոչվում է «Խավարում»: Չնայած սա վերաբերում է Ավագ ուրբաթի խորհրդին, բայց կատարվում է Ավագ հինգշաբթի երեկոյան` մութն ընկնելուց հետո:
Ըստ մեր հոգեւոր հայրերի մեկնության` հաղորդության խորհուրդը սիրո խորհուրդն է, ինչպես մկրտությունը` հավատի, իսկ ապաշխարությունը՝ հույսի:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
24.03.2016