Մոսկվայի կենտրոնական հեռագրատանն ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարը թեւակոխել է վճռորոշ փուլ:
Երեկ կայացավ 10-րդ տուրը: Միակ հաղթանակը տարավ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որը պարտության մատնեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին եւ վաստակած միավորներով հավասարվելով Սերգեյ Կարյակինին (վերջինը ոչ-ոքի արեց Անիշ Գիրիի հետ)՝ նրա հետ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Լեւոն Արոնյանն ու ետնապահ Վեսելին Ռոպալովը, Պյոտր Սվիդլերն ու Հիկարու Նակամուրան նույնպես բաժանեցին միավորը:
Արոնյանն ու Անանդը 5,5-ական միավորով հետապնդում են առաջատարներին, նրանց կես միավոր զիջում է Գիրին, Սվիդլերն ունի 4,5, Նակամուրան՝ 4,0, իսկ մրցաշարային աղյուսակը 3,5 միավորով եզրափակում է Տոպալովը:
Այսօր Հայաստանի շախմատիստների առաջատարը սպիտակներով խաղում է Ռուսաստանի բազմակի չեմպիոն Պյոտր Սվիդլերի հետ: Արոնյանի եւ ռուսաստանցու առաջին հանդիպումն այս մրցաշարի շրջանակներում ավարտվել է խաղաղ արդյունքով:
Կարդացեք նաև
Ժամանակի սղությունը եւ մրցաշարային աղյուսակում խիտ դասավորվածությունը Լեւոն Արոնյանից պահանջում են ուժերի գերլարում եւ անպայման առնվազն երկու հաղթանակ: Դժվար է, բայց իրագործելի է:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.03.2016