Մալազիայի ոստիկանության ձեռնարկած գործողությունների հետևանքով՝ երկրում ձերբակալվել է Մալազիայի 13 քաղաքացի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման հետ առնչություն ունենալու մեղադրանքով։ Այս մասին տեղեկացնում է straitstime լրատվական կայքը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, երկրի անվտանգության մարմինների ղեկավար Հալիդ Աբու Բաքրը հայտնել է, որ ոստիկանության ձեռնարկած խոշորամասշտաբ գործողությունների արդյունքում բերման է ենթարկվել 162 անձ, որոնցից 13-ի հանդեպ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Ուժային կառույցների պատասխանատուի խոսքերով՝ ոստիկանության նախաձեռնած գործողությունները միտված էին ոչնչացնել երկրում առկա «Իսլամական պետության» բջիջները։
Նրա հրապարակած տվյալների համաձայն՝ ոստիկանության ձեռնարկած խոշորամասշտաբ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են նաև որոշակի քանակությամբ փաստաթղթեր, որոնք վերաբերվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը։